ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այսօր ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության տնօրեն բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազին և տնօրենի օգնական Էլեն Գրիգորյանին։

ՓԾ տնօրենը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց այցի համար և բարձր գնահատեց կազմակերպության ծավալած մարդասիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

Հանդիպանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։

Կամո Ցուցուլյանը հյուրերին ներկայացրեց ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ աշխատանքները, ներկայիս հնարավորությունները և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձը։

Շնորհակալություն հայտնելով ՓԾ տնօրենին ընդունելության համար՝ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը ներկայացրեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության գործունեությունը, ծրագրերը՝ նշելով, որ կազմակերպությունը աշխատանքային փորձ ունի աշխարհի շուրջ 70 երկրում՝ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլն։

Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը հավելեց, որ կազմակերպությունն աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանում ծավալած բազմամյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր։

Ներկայումս «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ՀՀ-ում առողջապահական ոլորտում իրականացնում է երկարաժամկետ բուժական ծրագիր, միաժամանակ Արցախում հոգեբանական աջակցության ծրագիր՝ սթրեսի հաղթահարման ուղղությամբ։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների բնագավառում գործունեությանը՝ առաքելության տնօրենը նշեց, որ կազմակերպության հիմնական ուղղությունը բնական և մարդածին աղետներին արձագանքումն է, չնայած այս բնագավառում իրականացնում են նաև տարաբնույթ այլ աշխատանքներ:

Կողմերը քննարկեցին հետագա փոխգործակցության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում երկարատև համագործակցության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր։

Հանդիպման ավարտին ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց հյուրերին պատրաստակամության և մարդասիրական առաքելության իրականացման համար, և հույս հայտնեց, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը կամրապնդվի և կծառայի ի շահ Հայաստանի Հանրապետության բնակչությանը։

Նմանատիպ գրառումներ