Հունիսի 14-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արագածոտնի մարզում հրավիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին։ Բացման խոսքով են հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ Արագածոտնի մարզպետը։ Սարգսյանը փաստել է, որ ոստիկանական համակարգում կին ծառայողների ներկայացվածության ապահովումը Կառավարության համար այս ոլորտի առաջնահերթություններից է։ Ըստ այդմ՝ համատեղ ջանքերով մշակվել է կանանց ներգրավման խթանմանը միտված հայեցակարգ և գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն կենսագործվում է։ Փոխնախարարը նշել է, որ իրականացվելու է կին դիմորդների նպատակային ընդունելություն, որին ընդառաջ իրականացվել են նախագրանցման գործընթաց և հանրապետական մակարդակով իրազեկման միջոցառումներ։ Արդյունքում՝ շուրջ 900 կանայք և աղջիկներ հետաքրքրություն են ցուցաբերել գործընթացի նկատմամբ։ Սարգսյանը փաստել է, որ նախագրանցումը նպատակ ուներ հասկանալ առկա իրավիճակը, դիմելու ցանկություն ունեցողների ընդհանուր պատկերը, նրանց հետ զրույցների միջոցով վեր հանել խնդիրները, լուծումներ տալ դրանց, ապա նոր միայն հայտարարել նպատակային ընդունելություն։ Միաժամանակ, նա հստակեցրել է, որ լուծումները նպատակ ունեն ոչ թե կին դիմորդների համար սահմանել արտոնություններ, այլ վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են ստեղծել անհավասար պայմաններ՝ այդպիսով ապահովելով հավասար հնարավորություններ թե՛ արական, թե՛ իգական սեռի դիմորդների համար։
«Խորհրդի անդամների հետ ՆԳՆ-ն թիրախավորել է հատկապես կին ծառայողների ներգրավվածության խթանման թեման, և օրինակը եղել է հենց պարեկային ծառայությունը, որպեսզի մենք կարողանանք այս ծառայության օրինակով հասկանալ, թե ինչպես կարելի է բարձրացնել կանանց ներգրավվածության մակարդակն այստեղ, և ըստ այդմ, տարածել հաջողված փորձը ամբողջ ոստիկանական համակարգում»,-նշեց Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը հավելեց նաև, որ ոլորտի խնդիրներին ավելի հանգամանալից ծանոթանալու և նպատակային ընդունելությանը պատշաճ պատրաստվելու համար իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ, իսկ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում ուղերձներով հանդես են եկել տարբեր ոլորտներում էական ներդրում ունեցած մի շարք կին գործիչներ և միջազգային գործընկերներ, որոնք բարձր են գնահատել կանանց դերակատարությունը բոլոր ոլորտներում: Այս ուղերձների շնորհիվ է նաև, որ կանանց իրավունքների թեման ավելի լսելի է դարձել հանրությանը:
«Թեմայի հետ կապված ՆԳՆ-ն իրականացրել է նաև «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը, որի շրջանակներում իրականացրել ենք մի շարք իրազեկման միջոցառումներ թե՛ Երևանում, թե՛ ամբողջ հանրապետությունում: Այս տեսանկյունից շատ կարևորում եմ հատկապես մարզային մակարդակներում քննարկումները, քանի որ այստեղ ևս կարողացանք գույքագրել մի շարք խնդիրներ, իրականացրինք տվյալների հավաքագրում կին դիմորդների և ըստ այդմ կարողացանք ապահովել նախագրանցման պրոցեսի արդյունավետությունը»,-ասաց Արփինե Սարգսյանը:
Խորհուրդը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ հայտնելով գործընթացներին աջակցելու պատրաստակամություն:

Նմանատիպ գրառումներ