Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է: Հունիսի 23-ին բնակարանի գնման վկայագրեր (բգվ) կստանան Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող 35 ընտանիքներ Արարատի մարզում: Այդպիսով կմեկնարկի Ադրբեջանից փախստականների բնակապահովման ծրագրի վերջին՝ 4-րդ փուլը, որի շրջանակում բգվ-ներ կստանան ՀՀ մարզերի բնակիչները, որոնք 1988-1992 թթ.-ին Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնի տեղահանվել, տեղափոխվել են Հայաստան և մինչև այժմ բնակվում են ժամանակավոր կացարաններում: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, նրանցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել: Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերական նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին: Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիրը՝ մեկ տարի գործողության ժամկետով: Նախորդ երեք փուլերի արդյունքներով, որոնք անցկացվել են մայրաքաղաքում՝ ըստ վարչական շրջանների, տրամադրվել են 272 բնակարանի գնման վկայագրեր: Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած բգվ-ն:

Նմանատիպ գրառումներ