ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին` նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Նախարար Վահե Ղազարյանը հատկապես ընդգծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Նաև կարևորեց երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների փոխգործակցությունը՝ հետախուզվողների հայտնաբերման, կիբերհանցավորության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և այլ ուղղություններով: Նշելով, որ ավարտվում է դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրա անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբաս Բադախշան Զոհուրիինը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի՝ ավանդույթներ ունեցող բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվեցին երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առավել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ