Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
ՆԳ նախարարության վարչական համալիրում ՆԳ նախարարը և պատվիրակությունների ղեկավարները, ՆԳ նախարարության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր գնահատեց ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ձևավորված համագործակցությունը, ինչը ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություններից է։
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին՝ Վահե Ղազարյանը կարևորեց այդ գործընթացում միջազգային գործընկերների դերակատարումը:
Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահե Ղազարյանին շնորհավորեց Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Քեթրին դը Բոլը բարձր գնահատեց արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով անդրազգային հանցավորության դեմ պայքարում համատեղ իրականացվող աշխատանքները։
Ողջունելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ նա այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Խոսեց նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում անդրադարձավ իրավապահ կառույցների արդյունավետ և շարունակական համագործակցությանը։
Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Նմանատիպ գրառումներ