Հուլիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին և Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։

Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար։ ՆԳ նախարարի տեղակալը նշելով Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման մասին՝ կարևորել է նաև նախատեսվող մյուս միջոցառումների կյանքի կոչումը։

Լաուրի Տաբուրն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների և ՆԳ նախարարության ձևավորման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և միաժամանակ տեղեկացրել, որ անկախ փորձագիտական գնահատման շրջանակներում հանդիպումներ է ունեցել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։

Կողմերը թեմայի վերաբերյալ քննարկել են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը համահունչ բյուջետային պատշաճ պլանավորմանը և առաջիկայում սպասվող փոփոխություններին վերաբերող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել նաև Ներքին գործերի նախարարության կազմավորման, ոստիկանության կարևորագույն ուղղություններից՝ քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության և ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, նաև ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման ու ՆԳՆ ենթակայությամբ գործող ծառայությունների կադրերի շարունակական կրթության ապահովման թեմաների շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Նմանատիպ գրառումներ