Հուլիսի 16-ին, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, քաղաքացիների և հովեկների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքում և մեծ քաղաքներում փրկարար ծառայության և ոստիկանության զորքերի ծառայողները հատուկ տեխնիկայով նաև անմիջականորեն մասնակցեցին տոնական միջոցառումներին։ Ինչպես և սպասվում էր, շատ քաղաքացիներ տոնակատարությունը նշելու համար մեկնում էին հանգստի գոտիներ: Մեծ էր հատկապես քաղաքացիների հոսքը դեպի Սևանա լիճ։ Փրկարարների և ոստիկանների ուժեղացված ծառայությունը նույնպես հանգստի բոլոր գոտիներում էր։ Օրը սկսվեց հրահանգավորումներով։ Փրկարարները, պարեկները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես նաև ոստիկանության զորքերի ծառայողները շարային ստուգատեսից հետո դուրս եկան ծառայության։ Լողափերում և անտառապատ տարածքներում փրկարարներն իրականացրին շրջայցեր՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով հովեկներին պարբերաբար իրազեկելով անվտանգության և համակեցության կանոնները: Երևանից դուրս եկող և մայրաքաղաք մտնող ճանապարհներին ու անտառամերձ տարածքներում ծավալվել էին ժամանակավոր փրկարարական հենակետեր։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի լողափերում ջրափրկարարները և Փրկարարական ուժերի վարչության ծառայողներն իրականացրել են 105 շրջայց: Լողանշաններն անցած 387 քաղաքացի և 51 լողամիջոց, հիմնականում քարոզչական միջոցների շնորհիվ, վերադարձվել է անվտանգ գոտի։ Ջրափրկարարների ջանքերով այդ օրը փրկվել է հինգ մարդ: Չի հաջողվել փրկել միայն 1939 թվականին ծնված տղամարդու կյանքը, որի մարմինը հայտնաբերվել է ափից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ափամերձ հատվածներում արգելափակումից դուրս է բերվել տրանսպորտային չորս միջոց: Սևանա լճի ափին ու ջրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային ստորաբաժանումների, ջրային ոստիկանության և ոստիկանության զորքերի ծառայողները։ Հասարակական և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են իրականացրել նաև պարեկները։ Ուժեղացված ծառայության ընթացքում միայն Կոտայքի և Գեղարքունիքի պարեկները ճանապարհային երթևեկության կաննոները խախտելու համար կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ 838 արձանագրություն, հայտնաբերել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող 32 անձ, բացահայտել են հանցագործության դեպքեր, այդ թվում՝ խուլիգանության, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու, նաև հայտնաբերել են ապօինի զենք ու զինամթերք։ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 4, պատահարների՝ 20 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ` 5 ահազանգ: Բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Ոստիկանության ուժեղացված ծառայությունն ավարտվել է միայն մարզերից Երևան ընթացող մեծաքանակ տրանսպորտային միջոցներն ուղեկցելուց հետո։ Ի դեպ, Վարդավառի օրը փրկարարներն իրականացրել են նաև հուշարձանների լվացման և տարածքների մաքրման աշխատանքներ։

Նմանատիպ գրառումներ