Արտակարգ իրավիճակներում փրկության կանչերին անհապաղ արձագանքում և օգնության են հասնում հենց նրանք` փրկարարները։
Ամենաբարդ, ճակատագրական պահին քաղաքացու կողքին փրկարարն է՝ իր կոչմանը հավատարիմ: Այդպիսին են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները: Սևանի թերակղզում և հանրային լողափերում հանգստացողների անվտանգությունը նրանք ապահովում են շուրջօրյա ռեժիմով։

«Ներկայացնեմ բարձր ճնշման կոմպրեսատորը՝ կահավորված ավտոմեքենայի մեջ, որի միջոցով իրականացվում է օդաբալոնների լիցքավորումը և՛ տեղում, և՛ դեպքի վայրում։ Ունենք հագեցված էլեկտրական գեներատոր, որով ապահովում ենք գիշերային ժամերի աշխատանքների լուսավորությունը, և ամբողջությամբ կահավորված է ջրասուզական ու ջրափրկարարական գույքով և սարքավորումներով»,-ասում է ՆԳՆ ՓԾ ԳՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը։

Մեքենայի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ստորջրյա բարդ խնդիրներ լուծել նաև ձմռան ամիսներին, երբ լիճը սառցակալած է։ Օդաբալոններից, ջրասուզական բաճկոններից բացի` կարևոր են նաև ստորջրյա մալուխները, որոնցով փրկարարները կապ են հաստատում ջրասուզակների հետ։

«Մեքենան կահավորված է նաև փչովի մոտորանավակով և իր շարժիչով։ Յուրաքանչյուր դեպքի վայրում կարողանում ենք փչովի մոտորանավակը լիցքավորել օդով և շարժիչը ամրացնում ենք մոտորանավակին ու տեղում ունենում ենք մոտորանավակ»,-ասում է Արմեն Ճզմաչյանը։

Փրկարար ծառայության փոխգնդապետը հավելեց, որ ջրափրկարարների ուշադրության կենտրոնում են նաև տարածքում պարբերաբար կազմակերպվող միջոցառումներն ու ճամբարները։ Սևանա լճից բացի, ջրափրակարարական ջոկատի ծառայողները, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են նաև հանրապետության ջրային տարածքներում իրականացվող բարդ ջրասուզական աշխատանքներին։ Արմեն Ճզմաչյանը նաև ներկայացրեց ջրափրկարարական հատուկ մեքենան, որով մեկնում են օգնության։
Ծառայության ժամանակ կարևոր խնդիրներ են լուծում նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչնի թռիչքի բարձրությունից տեսադաշտում են պահում հանրային լողափերը։ Դրանցով մշտադիտարկվում է Սևանա լճի տարածքը և քաղաքացիներին ազդարարվում է լողալ ափամերձ գոտիներում, չանցնել թույլատրված սահմաններից։

«Սևանա լճի տարածքում անօդաչու թռչող սարքերի միջոցով մշտապես կատարում ենք դիտարկումներ, հետախուզումներ՝ հայտնաբերելով տուժածին, կոորդինատների միջոցով կարողանում ենք ջրափրկարարներին հաղորդել տուժածի տեղը, որպեսզի ջրափրկարարներն ավելի արագ արձագանքեն դեպքին»,-ասում է ՆԳՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակությա փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբի հրահանգիչ Արամ Մանասյանը։

Անօդաչու թռչող սարքերի ինֆրակարմիր ճառագայթները հնարավորություն են տալիս առավել արագ հայտնաբերել և օգնություն ցույց տալ տուժածներին. փրկօղակ հասցնել, տալ հրահանգներ՝ մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը։ Ինֆրակարմիր ճառագայթներով մշտադիտարկման շնորհիվ ջրային տարածքներում իրավիճակը վերահսկելի է թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, անգամ եղանակային վատ պայմաններում։
Յուրաքանչյուր դեպքով ներկայացվող պահանջները տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ պաշտպանել վտանգված մարդկային կյանքը։ Այդ առաքելությունն է, որ ընտանիքի պես միավորել է հատուկ ջրափրկարարական ջոկատի տարբեր մասնագիտացումներ ունեցող մարդկանց։ Այդ ընտանիքի անդամներից մեկը շուրջ 10 տարի կատարում է ջրասուզակի բարդ և պատասխանատու աշխատանքը։

«Ջրասուզակ լինելու համար պետք է լինել զգոն, որոշումներ կայացնելուց առաջ սթափ ուղեղով մտածել ամեն ինչ, որովհետև ջրի տակ՝ մեծ խորություններում, աննշան սխալը կարող է խլել ջրասուզակի կյանքը»,-ասում է ջրասուզակ Նարեկ Բաբայանը։

Նարեկ Բաբայանը հավելեց, որ մասնագիտական ունակություններն ու հմտությունները բավարար չեն ամենօրյա խնդիրները լուծելու համար։ Անհրաժեշտ է անդադար մարզվել ու ինքնակրթվել՝ ցանկացած արտակարգ իրավիճակում արդյունավետ կիրառելու համար գիտելիքներն ու փորձը:

«Մենք մեր ծառայությամբ մարդկային կյանքեր ենք փրկում։ Ամենաբարձր գնահատականը քաղաքացու կողմից շնորհակալ լինելն է»,-հավելում է Նարեկ Բաբայանը։

Նմանատիպ գրառումներ