Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։ Այս անգամ Բուենոս Այրեսից ուղիղ չվերթով Երևան է հասել շուրջ 11 տոննա հումանիտար օգնություն։

Օգնությունն իր «Բոինգ 787» օդանավով Հայաստան է բերել արգենտինական «Սոլիդեեր» կազմակերպության հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոն։

«15 ժամ տևողությամբ չվերթ էր, բայց կարևորը` եղանակը լավ էր, հոգ չէ։ Մենք բերել ենք հումանիտար օգնություն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Միշտ պատրաստ ենք օգնել ցանկացած հասարակության, որը ենթարկվել է բռնի տեղահանման, հրթիռակոծության կամ այլ ոտնձգությունների։ Նմանատիպ միջոցառումներ ենք իրականացրել նաև Ուկրաինայի, Աֆղանստանի, Նիգերի, Մյանմայի փախստականների համար։ «Սոլիդեերը» կազմակերպություն է, որն օգնում է վատ վիճակում հայտնված անձանց»,-ասաց Էնրիկե Պինեյրոն։

Էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։ Բեռի մեջ իր բաժինն ունի նաև Արգենտինայի հայ համայնքը:

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունն ու «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ Էնրիկե Պինեյրոյի «Սոլիդեեր» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նույն ինքնաթիռով Հայաստան են ժամանել նաև «Սպիտակ սաղավարտներ» գործակալության և արգենտինահայ համայնքի կամավորներ, որոնք այս օրերին օգնելու են հումանիտար օգնությունը բաշխելուն։

Օդաչու, կինոռեժիսոր, դերասան Էնրիկե Պինեյրոն շուրջ մեկ տասնյակ ֆիլմերի հեղինակ է, «Սոլիդեեր» կազմակերպության հիմնադիրն է, որն իր ինքնաթիռով մարդասիրական չվերթներ է իրականացնում ամբողջ աշխարհում։

Նմանատիպ գրառումներ