Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել:
«Վայոց ձորում այդ վիճակագրությունը մտահոգիչ է: Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան: Մենք խնդիր ենք դրել, որ ամբողջ հանրապետությունում՝ ամեն մարզում, Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի: Ահա ամբողջացավ Պարեկային ոստիկանության ուսումնական գործընթացը, առաջիկայում մեր ուսումնական կենտրոնը հետևողականորեն զբաղված կլինի այդ աշխատանքով: Եվ ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրապետությունում նման հնարավորության մասին, որը կանայք պետք է դիտարկեն: Մինչև նոյեմբերի վերջ է դիմումների ընդունման ժամկետը, և ես մեր քույրերին և դուստրերին կոչ եմ անում ակտիվ լինել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը՝ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ, որ մենք այս խնդրի վրա կենտրոնանանք: Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է: Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, դրանով դուք մարդկանց առողջությունն եք պահպանելու, դրանով դուք մարդկանց օգնելու եք, որ իրենց և հանրային գույքի նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա պետք է հասկանանք, որ այդ նրբությունների ճշգրտումից է կախված մեր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը»:

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքում Պարեկային ոստիկանությունը ՀՀ-ում արդեն իրողություն է՝ ժամանակակից մեքենաներով, նոր գույքով, նոր զինատեսակներով, նոր տեխնիկական միջոցներով:
«Այս ամենի արդյունքում իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հնարավորություններ են մեծանում, և մենք այս ճանապարհը պետք է շարունակենք: Բայց նաև պետք է արձանագրեմ, որ սրանով ամենևին Ոստիկանության բարեփոխումների ընթացքը չի դանդաղում: Պարեկային ոստիկանությունը մեր Ոստիկանության սյուներից մեկն է, առաջիկայում մենք խնդիր ունենք Ոստիկանության գվարդիայի հաստատման, Քրեական ոստիկանությունը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվի, այսինքն՝ նոր կառուցվածք պետք է ստանա: Ընդհանրապես ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է բոլորին և ընդգծել. «Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:

Շնորհավորում եմ բոլորիս:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

 

Ելույթ է ունեցել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը․

«Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պարեկային ծառայության գործունեությունը հանրապետության տարբեր տարածաշրջաններում իր առանձնահատկություններն ունի, քաղաքացիների հետ աշխատելու իր նրբությունները, հասարակական կարգի ապահովման յուրահատկությունները:
Վայոց ձորի մարզը ևս բացառություն չէ, այն մեր հանրապետության կարևոր գոտիներից է, ինչը ենթադրում է ամենօրյա աշխատանք ոչ միայն մեր քաղաքացիների, այլև օտարերկրացիների հետ, ինչով կարևորվում է բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հրատապ լուծումներ գտնելու ունակությունը, Հայաստանի՝ որպես անվտանգ երկրի ներկայացումն ու դրա երաշխավորումը: Լիահույս եմ, որ Վայոց ձորի պարեկային ոստիկանությունը բարձր պրոֆեսիոնալիզմով ու նվիրումով կկատարի առաջադրված բոլոր խնդիրները:
Շնորհակալություն հայտնելով Կառավարությանը` ոստիկանության բարեփոխումներին ուղղված բարձր աջակցության համար՝ հավաստիացնում եմ, որ պարեկներն անվերապահորեն կիրականացնեն օրենքով իրենց վերապահված խնդիրները: Պետք է փաստեմ նաև, որ այս հարցում համակողմանի աջակցություն ունենք նաև միջազգային գործընկերներից։
Հարգելի՛ ծառայողներ,
Արդյունավետ ծառայություն մաղթելով՝ վստահեցնում եմ, որ Ձեր աշխատանքը մշտապես լինելու է Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և ըստ արժանվույն գնահատված»։

Նմանատիպ գրառումներ