
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի առաջին ընթերցմանն է ներկայացրել ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նա ընդգծել է, որ նախագիծը Ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական փուլի կարևոր փոփոխություններից է։ «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ Ոստիկանությունում կատարողականի գնահատման համակարգ պետք է ունենանք և, ըստ էության, թե՛ առաջխաղացումները, թե՛ պատասխանատվության միջոցները պետք է լինեն արժանիքահեն և փաստահեն տրամաբանությամբ», – նշել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարվա կտրվածքով կձևավորվի ընդհանուր գնահատական, որը կլինի չափելի ինչպես անհատական, այնպես էլ կառուցվածքային ստորաբաժանումների մակարդակում։
Նրա խոսքով՝ ընդհանուր գնահատականի հիմքում ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունն է՝ ֆիզիկական և մարտական պատրաստականության ստուգարքների արդյունքների համադրությամբ։
«Հիմնական նպատակը ծառայողի ակտիվությունը գնահատելը չէ, այլ՝ հիմնական ցուցանիշների միջոցով հասկանալ և գնահատել ծառայության և ծառայողների կոնկրետ կատարողականը», – ասել է Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողականի գնահատականների միջին թվաբանականը հաշվարկել երեք տարվա կտրվածքով և այն համադրել ատեստավորման շրջանակում իրականացվող ստուգարքների ընդհանուր արդյունքների հետ։
Նա փաստել է, որ կան ծառայողներ, որոնք երեք տարվա ընթացքում գրանցում են բարձր արդյունքներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողանում պատշաճ հանձնել ատեստավորման քննությունները։ Միևնույն ժամանակ, լինում են օրինակներ, երբ ծառայողը երեք տարվա ընթացքում առանձնապես բարձր արդյունքներ չի գրանցում, բայց ատեստավորմանը նախապատրաստվելով՝ կարողանում է ստուգարքների արդյունքում ստանալ բարձր կամ գերազանց գնահատականներ։
Նախարարը կարևորել է ատեստավորման և կատարողականի գնահատման համակարգերի միջև ներդաշնակ կապի գեներացումը։ «Այս մոտեցումը մեզ թույլ կտա ներդաշնակեցնել ընդհանուր աշխատանքը և դուրս բերել առավել օբյեկտիվ պատկեր», -ասել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարը հավելել է, որ կատարողականի գնահատումը պետք է ուղղակի ազդեցություն ունենա Ոստիկանության ծառայողների համար․ դրական արդյունքների դեպքում ծառայողը առաջխաղացման կամ խրախուսանքի հնարավորություն կունենա, իսկ բացասական արդյունքների պարագայում՝ առաջխաղացման հնարավորությունները կսահմանափակվեն։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի մակարդակում հնարավոր չէ ամրագրել բոլոր մանրամասները, ուստի նախատեսվում է համապատասխան դրույթով դրանք կարգավորել Ներքին գործերի նախարարի հրամանով։
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերապատրաստման պահանջը տարածել նաև Ոստիկանության կրտսեր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վրա։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ, հաշվի առնելով Ոստիկանության պետի պաշտոնի առանձնահատկությունները, նախատեսվում է նաև վերապատրաստման հնարավորություն ապահովել այդ պաշտոնի համար։
Նախատեսվում է ներդաշնակեցնել նաև փրկարարական ծառայողների և ոստիկանների ատեստավորման մեխանիզմները։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Ոստիկանության ծառայողը պաշտոնի նշանակվելուց երկու ամիս անց կարող է հավակնել ատեստավորման, մինչդեռ Փրկարար ծառայության դեպքում այդ հնարավորությունը վեց ամիս հետո է․ առաջարկվում է փրկարարական ծառայողների համար ևս սահմանել երկամսյա ժամկետը։
Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարի հրամանով կսահմանվի ատեստավորման անցկացման ժամանակացույց։
«Ըստ նախագծի՝ կարգավորումը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից, որպեսզի մինչ այդ հասցնենք կիրառել կատարողականի գնահատման այն ցուցիչները, որոնք կլինեն օբյեկտիվ, չափելի և թույլ կտան անաչառ դիտորդի մոտ համակարգի նկատմամբ օբյեկտիվության բարձր նշաձող սահմանել»,-ասել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։













