Ապրիլի 11-ից 12-ը Ծաղկաձորում անցկացվել է սեմինար-քննարկում՝ նվիրված ՆԳ նախարարության և Ոստիկանության շուրջ հանրային ընկալումներին ու ապատեղեկատվության դեմ պայքարին։ Միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և հանրային կարծիքի առաջատարներ։

«Մենք տեսել ենք և տեսնում ենք, որ Ոստիկանության և ՆԳՆ ոլորտում բազմաթիվ են ապատեղեկատվությունները, մանիպուլյացիաները, հանրությանը մոլորեցնելուն ուղղված գործողությունները, և առհասարակ, հիբրիդային սպառնալիքների սահմաններում ապահովության բացակայության տպավորություն ստեղծելուն ուղղված գործողությունները։ Այս համատեքստում մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի հանրային կարծիքի առաջատարները, լրագրողները կարողանան առաջին ձեռքից ինֆորմացիաներ ստանալ և ոլորտի հետ կապված ունենան հստակ փաստահեն տեղեկություններ»,- նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Սեմինար-քննարկման բանախոսներն էին ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանն ու Արմեն Ղազարյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը,ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը և Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կիրառվող մոտեցումները՝ ճշգրիտ տեղեկատվության ժամանակին տրամադրման և հանրային իրազեկման տեսանկյունից կարևորելով ՆԳ նախարարության դերը։

Լրագրող Էռնեստ Խանումյանի խոսքով՝ մեր օրերում ապատեղեկատվությունը քաղաքացու համար օրախնդիր է, որովհետև այն ազդում է մարդու որոշումների կայացման, հանրային ընկալումների ձևավորման, և առհասարակ, քաղաքացու տրամադրվածության վրա։
«ՆԳ նախարարությունն ունենալով բազմավեկտոր գործունեության մանդատ շատ դեպքերում հայտնվում է կեղծ լուրերի, խոսույթների թիրախում»,- ասել է Էռնեստ Խանումյանը։

«Հանրային դերակատարները բավական մեծ ազդեցություն կարող են ունենալ և մենք ակնկալում ենք, որ այսպիսի քննարկումների և տեղեկացվածության մակարդակի բարձրացման արդյունքում նաև հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելուն ուղղված բարեխիղճ լրագրողների և հանրային կարծիքի առաջատարների ջանքերը ավելի արդյունավետ կլինեն»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության դեմ պայքարի, կոնկրետ դեպքերի վերլուծության, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, կադրերի պատրաստման և այլ ոլորտների վերաբերյալ հարցերին։ Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ, անելիքներ և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր։

Լրագրող Լուսինե Մուրադյանի խոսքով՝ շատ ինֆորմատիվ սեմինար էր․ հնարավորություն կար ոչ միայն խնդրահարույց հարցեր բարձրաձայնելու, այլև դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկումներին ծանոթանալու։

«Այսօրինակ հանդիպում-քննարկումները շատ կարևոր են, որոնք վերջնարդյունքում միտված են ՀՀ-ում ճշգրիտ տեղեկատվական պատկեր ունենալուն։ Որպես քաղհասարակության, ԶԼՄ ներկայացուցիչներ կարող ենք բարձրաձայնել հարցեր՝ ստանալով պատասխաններ ՆԳ նախարարության առաջին դեմքերից»,- նշել է Էռնեստ Խանումյանը։

Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում (AEGIS)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից։

Նմանատիպ գրառումներ