Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Ծաղկաձորում Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի շրջանակում անցկացվել են երկօրյա քննարկումներ, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցել են նաև ՆԳ նախարարության, տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցների փորձագետներ։
Միջոցառումը, ի թիվս այլ հարցերի, նվիրված էր ԵԱՀԿ կողմից պատվիրակած ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման փորձագիտական գնահատման զեկույցի ներկայացմանը։
Բացման խոսքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացքը` կարևորելով հարթակի շրջանակում միջազգային փորձագետների հետ համատեղ անցկացվող քննարկումները։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել է գնահատման աշխատանքների կատարումը: Նա բարձր է գնահատել, որ ԵԱՀԿ գործընկերների աջակցությամբ հնարավորություն է ստեղծվել ունենալու ռազմավարության անաչառ գնահատում, որի ուսումնասիրությունը հիմք է լինելու ոլորտում ապացուցահեն քաղաքականություն ունենալու և մշակելու 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի նոր ռազմավարությունը։
Փորձագիտական գնահատման նպատակն է արձանագրել ռազմավարությամբ նախատեսված նպատակների և գործողությունների իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը` արդյունավետության, վերաբերելիության և արդյունավորության տեսակետից։ Ի լրումն կատարողականի հետահայաց գնահատման` զեկույցը ներառում է հեռանկարային, ապագային միտված առաջարկություններ, որոնք կարելի է օգտագործել նոր Ռազմավարություն մշակելիս և հաջորդ գործողությունների ծրագիրը ձևակերպելիս:
Խոսելով ռազմավարության իրականացման հիմնական հաջողությունների մասին՝ Արփինե Սարգսյանն առանձնացրեց երեք հիմնական ուղղություն՝ պարեկային ծառայության գործարկում, ՆԳ նախարարության ստեղծում և ՕԿԿ հիմնում։
Նշելով ոստիկանության ոլորտի նոր ռազմավարության առանցքային ուղղությունները՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է բարեփոխումների չորս հիմնական հենասյուների՝ պարեկային ծառայության, ոստիկանական գվարդիայի, համայնքային ոստիկանության և քրեական ոստիկանության ձևավորմանն ուղղված համալիր միջոցառումները։
Անդրադառնալով համայնքային ոստիկանության ձևավորման փուլային սկզբունքին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոչ միայն բաժինների՝ ոչ ոստիկանական գործառույթների հետևանքով ամենօրյա ծանրաբեռնվածության հարցին, այլև ծառայության վերաիմաստավորմանն ուղղված աշխատանքներին։
ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նաև նախարարության ամբողջական կազմավորման ավարտական փուլի, այդ թվում՝ կառուցվածքային միավորների համալրման ընթացիկ աշխատանքներին։
Ուշադրության կենտրոնում պահելով ՆԳ նախարարության կրթահամալիրի վերափոխման, կրթության կազմակերպման հարցերը՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ՆԳ նախարարության կադրերի սպասարկման շրջանակում տարբեր ուղղություններով ծառայողների պատրաստման, վերապատրաստումների անցկացման հարցերը։
ԵԱՀԿ Քարտուղարության Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի Անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռուզաննա Բաղդասարյանն իր խոսքում անդրադարձել է բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ աջակցությանը՝ շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը՝ երկու կառույցների համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացին։
ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Տաբուրը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման անկախ գնահատման մեթոդաբանությունը և արդյունքները՝ անդրադառնալով կատարված աշխատանքների կատարման տեմպին, արդյունավետությանը և արդիականությանը։ Նա նաև նշել է, որ «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը խիստ արդիական է, և պետք է շարունակել հասարակական անվտանգության ոլորտում լավարկումների գործընթացը, այդ թվում` նոր համապարփակ ռազմավարական ծրագրի մշակման միջոցով»:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ակտիվ քննարկում են ծավալել ռազմավարության իրականացման գնահատման զեկույցի և հետագա բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ։

Նմանատիպ գրառումներ