Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հասարակական կարգի պահպանման, բարեխիղճ ծառայության համար դեկտեմբերի 12-ին պատվոգրեր է հանձնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի մի շարք պարեկների՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։
«Անչափ գնահատելի է, երբ բազմիցս ականատես ենք եղել, որ պարեկային ծառայությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ հասարակական կարգը պահպանելու, բնակչության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու, աշխատանքին պատասխանատու վերաբերմունք դրսևորելու առումով։ Կրկնակի ոգևորիչ է, երբ տեսնում ենք, որ պարեկային ծառայությունում ակտիվ են շիրակցի կանայք. դուք նոր մտածողության ներդրողներն եք՝ համարձակ և ուժեղ, մենք դա գնահատում ենք։ Բոլորիդ բարի ու անվտանգ ծառայություն եմ մաղթում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ պատվոգրեր և հուշանվերներ հանձնելիս։
Մարզի պարեկները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար՝ ընդգծելով, որ գնահատանքի խոսքերն ու պարգևատրումը առավել պարտավորեցնող են: Նաև հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ծառայության մեջ չթերանալու և Շիրակի մարզում հասարակական կարգը պահպանելու համար։