Փետրվարի 8-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։
Քննարկմանը նշվել է, որ հաստատվել են ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:
Նշվել է նաև, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։
Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։
Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:
Վարչապետ Փաշինյանը՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճն. այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում. սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։

Նմանատիպ գրառումներ