Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 2024 թ. առաջին նիստը։
Նիստին ներկա էին Փրկարար ծառայության պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել նիստը նախագահող Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքներին՝ նշելով, որ 2024 թ. հունվարի 1-ից փետրվարի 29-ը ՀՀ տարածքում արդեն իսկ գրանցվել է բուսածածկ տարածքներում 242 (2023 թ.՝ 317) հրդեհի դեպք, որոնց արդյունքում այրվել է 325 հա (2023 թ.՝ 519 հա) տարածք։
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացնելով 2023 թվականին ոլորտում կատարած աշխատանքները, վերլուծելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների բռնկման վիճակագրությունը՝ առաջարկել է միասնական մոտեցում ցուցաբերել հրդեհի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ առավել ուշադրություն դարձնելով հանրային իրազեկմանը հատկապես անտառամերձ հատվածներում, միաժամանակ հորդորել է տարբեր գերատեսչությունների պատասխանատուներին՝ ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել հրդեհների կանխարգելման գործում:
ՓԾ տնօրենը հավելել է, որ Փրկարար ծառայության ուժերը հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել և կատարում են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար անհրաժեշտ են համակողմանի և միասնական ջանքեր։
Ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության նորաստեղծ էկոպարեկային ծառայության հետ անտառային տարածքներում աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցեր, որոնց արդյունավետ կազմակերպման նպատակով առաջիկայում երկու գերատեսչությունների միջև կստորագրվի համատեղ աշխատանքային փաստաթուղթ, որը հնարավություն կտա անտառային տարածքներում և հողերում, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և հրդեհների բռնկման վտանգը հասցնել նվազագույնի։
ՓԾ տնօրենն անդրադարձել է նաև նախորդ նիստից հետո իր հանձնարարականով, Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների պետերի գլխավորությամբ, անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհային անվտանգության խնդիրներով մարզերում ստեղծված աշխատանքային ենթախմբերի աշխատանքներին՝ նշելով, որ տեղերում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կներկայացվեն կոնկրետ առաջարկների փաթեթներ և կկազմվեն ընդհանուր գործողությունների պլաններ՝ թիրախային ուղղություններով աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզների ուղենշման և համատեղ աշխատանքների իրականացման նպատակով։
Նիստի ընթացքում մարզպետների տեղակալները ներկայացրել են իրականացված աշխատանքները, վեր հանել մի շարք խնդիրներ, նաև հանդես են եկել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ իրատեսական առաջարկություններով։
Քննարկումների արդյունքում որոշվել է կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով աշխատանքները կազմակերպել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կամավորական փրկարարական կազմավորումների ուժերի ու միջոցների ակտիվ ներգրավվածությամբ։
Կարևորվել են անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվող շրջայցերը, հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգային աշխատանքները, հերթապահությունները, այդ թվում՝ նաև վերոնշյալ տարածքներում աղբի մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը և հսկողության ուժեղացումը։
Հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային տարածքներում արդյունավետ արձագանքում իրականացնելու նպատակով Կամո Ցուցուլյանն առաջարկել է աշխատանքներ տանել անտառային կածանների և ճանապարհների անցողիկությունը մշտապես ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև ջրառի համար նախատեսել ջրավազաններ ու ջրաղբյուրներ, ինչը հնարավորություն կտա հրշեջ-փրկարարական տեխնիկային հնարավորինս օպերատիվ արձագանքել և առավել արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել նույնիսկ դժվարամատչելի և դժվարանցանելի տեղանքներում։
Նիստի ավարտին որոշվել է անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առավել ակտիվ աշխատանքներ տանել հանրային իրազեկման միջոցառումների իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հրդեհների մասին ուղեցույց-գրքույկներ, հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր, ապահովել դրանց տարածումը սոցիալական և պաշտոնական կայքերում, նաև հեռուստատեսության միջոցով, միաժամանակ կազմակերպել տարաբնույթ լայնածավալ տեղեկատվական արշավներ՝ ուղղված կանխարգելման և վարքականոնների ուսուցման աշխատանքներին։