Փակ դռներ, ավտովթարներ, հրդեհ, երկրաշարժ, սողանք, քարաթափում… Նման պատահարների ու աղետների դեպքում օգնության է հասնում փրկարարը, առավել բարդ դեպքերում՝ ՆԳՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարը:
2023 թվականի լավագույն փրկարար է ճանաչվել Արթուր Սուքիասյանը: Նա ընդհանուր պրոֆիլի փրկարար է, իր աշխատանքային գործունեության ընթացքում սպասարկել է 2000-ից ավելի ահազանգ: Արժանացել է «Անվեհեր Փրկարար», «Լավագույն հրշեջ փրկարար» «Կանխարգելում. օգնություն. փրկություն» մեդալների:
Արթուրի ղեկավարությունն ասում է, որ նա ծառայության մեջ առաջատար լինելը ժառանգել է հորից. Արթուրի հայրը երկար տարիներ եղել է նույն ջոկատի հրամանատարը:
«Արթուրը հենց առաջին օրվանից ընդգրկվեց մեր ընտանիք: Շատ նախաձեռնող, տարբեր իրավիճակներում սառը դատող անձնավորություն է»,-ասում է ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Դավիթ Գևորգյանը:
Ահազանգերից ազատ ժամանակ Արթուրը ջոկատի փրկարարների հետ վարժանքներ, պարապմունքներ են անցկացնում։
ՆԳՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն ունի միջազգային որակավորում՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ է:
Արթուրը և ջոկատի մյուս փրկարարները աշխատանքներ են իրականացնում անտառային բարդ ռելիեֆային պայմաններում ոչ միայն Հայաստանում, այլև հարկ եղած դեպքում՝ աշխարհի ցանկացած կետում: Մեզ հետ զրույցում Արթուրը կատակով ասում է՝ Հայաստանում որքան սար կա, գագաթին եղել եմ:
Ալպինիզմի նկատմամբ Արթուրի սերը չի սահմանափակվում միայն իր աշխատանքով. հերթափոխից ազատ օրերին նաև դասավանդում է: Մեր այն հարցին՝ եթե փրկարար չլիներ, ապա ինչ կդառնար, ասում է. «Ֆուտբոլով եմ զբաղվել երկար տարիներ, սպորտի մեջ եմ եղել, ինչ-ինչ պատճառներով սպորտը թողեցի, զորակոչվեցի բանակ և ծառայությունս վերջացնելուց հետո 2017 թ. սեպտեմբերի 4-ին ընդունվեցի աշխատանքի փրկարար ծառայությունում»:
Մեզ հետ զրույցի ընթացքում հնչում է ահազանգ. Արթուրը գործընկերների հետ մեկնում է դեպքի վայր։
Ահազանգը կենցաղային էր. խափանվել էր դռան փականը: Փրկարարը ալպինիստական գույքի և պարանների օգնությամբ վերևի հարևանի տնից մուտք գործելով բնակարան՝ ներսից բացեց դուռը:
Յուրաքանչյուր հերթափոխում Արթուրը սպասարկում է 15-20 ահազանգ։ Փոխգնդապետ էդգար Գալոյանը պատմում է, թե ծառայության առաջին օրերին ամեն մի ահազանգի դեպքում Արթուրն ինչպիսի ոգևորությամբ էր ցանկանում անձամբ մեկնել:
Արթուրի գործընկերուհի, լեռնափրկարար Մարինե Զովելյանն ասում է՝ չնայած երիտասարդ տարիքին, Արթուրից շատ բան կարելի է սովորել:
Արթուրը 44-օրյա պատերազմի ընթացքում կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ։
2023 թ. լավագույն փրկարարի կոչմանը արժանանալու մասին իմացել է հրամանատարից: Խոստովանում է՝ «Իհարկե, ուրախացա, բայց աշխատանքիս բնույթը և ոճը չփոխվեց։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ամեն օր շարունակելու եմ մարդկանց օգնել, կյանքեր փրկել»։

Նմանատիպ գրառումներ