Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը 20 տոկոսով կնվազի։
«Առաջին ալիքի» Լուրերի եթերում բոնուսային համակարգի բաղադրիչին է անդրադարձել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
✔ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո իրավախախտումների համար սահմանված տուգանքն ավտոմատ կնվազի 20 տոկոսով։
«Օրինակ, եթե տուգանքը 5000 դրամ է, 20 տոկոս արտոնության դեպքում քաղաքացուն ուղարկվող որոշման մեջ հստակ ֆիքսված է լինելու, որ այդ խախտման համար նա պետք է վճարի 4000 դրամ։ Այսինքն, հաշվարկի բեռը թողնված չէ քաղաքացու վրա. համակարգը հոգ է տանում այդ մասին»,-ասում է Ռուսլան Մարանդյանը։
✔ Ապրիլի 5-ից գործող կարգավորմամբ՝ եթե վարորդը նվազեցված 4000 դրամ տուգանքը վճարի իրավախախտման մասին որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, ապա այն կնվազի ևս 30 տոկոսով։
«Կարգավորումը նաև ֆինանսական ռեսուրսների խնայողություն է ենթադրում։ Որոշումը թղթային տարբերակով ուղարկելու դեպքում ՀՀ պետական բյուջեից պետք է գանձվեր որոշակի գումար, իսկ այս դեպքում ծախսերը խնայվում են։ Սա նաև պետական բյուջեի համար օգտակար նախագիծ է»,-ասում է Ռուսլան Մարանդյանը։
Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից։