
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հարցազրույց է տվել «ՍիվիլՆեթ» լրատվականին, որի ընթացքում անդրադարձել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանն ու Հայաստանի համար կարևոր մի շարք օրակարգային հարցերի։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի առաջին առաջընթացի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կառավարության ուժեղ քաղաքական հանձնառությունը՝ Գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ։
✅Անդրադառնալով գործողությունների կատարման ընթացքին և կանխատեսելի ժամկետներին՝ նախարարը նշեց, որ գնահատումը եվրոպացի գործընկերների տիրույթում է, սակայն կարևոր համարեց նաև սեփական գնահատումը միջոցառումների կատարողականի մասով և արձանագրեց, որ հենանիշների ամենածավալուն գործողությունները գրեթե կատարված են։
✅Նոյեմբերի 1-ից Հայաստանում քաղաքացիներին հասանելի կլինի նոր կենսաչափական համակարգը՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմամբ։ Նոր համակարգը նախատեսում է նաև բնակչության պետական ռեգիստրի տվյալների արդիականացում և փոխկապակցում՝ փաստաթղթերի անվտանգությունը, տվյալների ճշգրտությունն ու անձի ինքնության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։
✅Սահմանների համալիր կառավարման ոլորտը Սարգսյանը բնորոշել է որպես վիզաների ազատականացման գործընթացի ամենամարտահրավերային ուղղություններից մեկը։ Խոսքը Հայաստանի սահմանների միասնական և արդյունավետ կառավարման, մուտքի և ելքի վերահսկողության, ինչպես նաև մարդկանց և բեռների շարժի կառավարման մասին է։
✅Միգրացիոն ոլորտում նախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացումը ոչ թե արտագաղթի խթան է, այլ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հնարավորություն։ Նրա խոսքով՝ 2025 թվականը ՀՀ քաղաքացիների մուտք-ելքի հաշվեկշռի առումով բացառիկ է․ արձանագրվել է միգրացիոն դրական սալդո։ Այս միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։
✅Հասարակական կարգի և անվտանգության ուղղությամբ առաջնահերթություն են կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ հանցավորության դեմ պայքարում շեշտը դրվում է առավել թիրախային, ռիսկերի գնահատման վրա հիմնված կուռ գործիքակազմի և իրավապահ համակարգի միասնական մոտեցումների ձևավորման վրա։ Նա ընդգծել է, որ ԵՄ գործընկերների համար կարևոր են ոչ միայն վիճակագրական ցուցանիշները, այլև բարեփոխումների չափելի ու երկարաժամկետ ազդեցությունը։ Այս համատեքստում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը միտված է ոլորտի քաղաքականության միասնականացմանը, ԵՄ մոտեցումներին ներդաշնակեցմանը և արդյունավետ գործնական կիրառության ապահովմանը։
✅Հիմնարար իրավունքների համատեքստում նախարարը կարևորել է հակախտրականության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ դրա նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարություն, ապա՝ Ազգային ժողով։ Նա նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը և ՀՀ քաղաքացիության տրամադրման նոր մոտեցմանը, որի հիմքում դրվում է Հայաստանի հետ իրական և կայուն կապը՝ այդ թվում՝ ռեզիդենտությունը։
Ընդհանուր առմամբ, նախարարի ներկայացմամբ՝ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար ոչ միայն ազատ տեղաշարժի, այլև փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի, հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում համակարգային բարեփոխումների օրակարգ է։










