Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծերի փաթեթը Կառավարությունում ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում է Ոստիկանության գվարդիայի ձևավորումը, որի հիմքում ընկած է թե՛ Կառավարության ծրագիրը, թե՛ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը:
«Հետևողականորեն իրականացնելով բարեփոխումների մեր օրակարգը և ունենալով նաև Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությունը՝ Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ ներառական հանրային լայն քննարկումների փուլ անցել, միջազգային փորձաքննության դրական գնահատականին է արժանացել Ոստիկանության գվարդիայի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Նախագծերի փաթեթով նախատեսվում են հետևյալ կարգավորումները.
✔ Սահմանվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը.
Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Արդյունքում, ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործունեության կարգը, ինչպես նաև գվարդիայում ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ, և գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը: Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:
✔ Որոշակիացվում են Ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթները և կառուցվածքը.
– հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
– Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
– հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
– քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը,
– ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը։
✔ Սահմանվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
✔ Սահմանվում են Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները:
«Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Դրա ձևավորման բազան կկազմեն ներկայիս Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: Վերջիններս կդադարեցնեն իրենց գործունեությունը»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է. «Ոստիկանության համակարգի փոփոխություններում կարմիր թելի պես անցնում է որակյալ կրթության ապահովման կարևորությունը։ Ուստի, օրենքի մակարդակով սահմանվում են Ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման հիմնական ուղղությունները»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ներկայացվող նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է: «Կարծում եմ՝ մենք իսկապես ունենք պատշաճ և ամբողջական նախագիծ՝ Ոստիկանության նոր համակարգ ձևավորելու, որը համապատասխան է մեր պետական կարգին, ժողովրդավարության մեր ձգտումներին: Եվ, իհարկե, այստեղ էլ ստանդարտիզիացիան չափազանց կարևոր է: Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը, Ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ: Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, և ես հույս ունեմ, որ մենք այն կիրականացնենք: Եվ հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր խորհրդարանական գործընկերները, հենց բուն Ոստիկանության ծառայողները, քաղաքացիական հասարակությունը շատ սերտ կհամագործակցեն, որպեսզի այդ ստանդարտները ներդրվեն, դրանք լինեն կիրառելի, համարվեն արդար և, իսկապես, առաջին հերթին պահպանեն հանրության և պետության շահերը և որևէ կերպ չվնասեն մարդու իրավունքներին»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այս համատեքստում կարևորել է նաև պատշաճ հանրային հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թ. հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, ինչից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: