Մայիսի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ, Ոստիկանության զորքերի հրամանատարությունը, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամներ, փորձագետներ:
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ կարևորելով արդյունավետ համագործակցությունը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգային լուծումների նախանշումից սկսած՝ Ազգային ժողովի հետ ապահովվել է սերտ համագործակցություն, ինչը բացառիկ դրական օրինակներից է, երբ ԱԺ-ի հետ ի սկզբանե տրվում են լուծումներ և ապահովվում հետագա ամբողջ գործընթացում կոնսենսուսային մակարդակով դրանց նախանշումն ու իմպլեմենտացումը:
Փոխնախարարը կարևորել է օրենսդրական փաթեթի հիման վրա ենթաօրենսդրական դաշտի մշակումը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների վերապատրաստումների և ստանդարտ օպերացիոն գործառնական ընթացակարգերի մշակումը, որոնք թույլ կտան ապահովել դրույթների պրակտիկ կիրառումը: Նա նշել է նաև, որ ըստ պլանավորման՝ հոկտեմբերից արդեն կսկսվեն լայնամասշտաբ վերապատրաստումները:
Մաքսիմ Լոնգանգեն համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու Ոստիկանության գվարդիայի ներդրման աշխատանքներին աջակցությունն ու կադրերի վերապատրաստումների ապահովումը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ընդգծել է, որ նախագծի կարևորությամբ պայմանավորված՝ տարբեր մակարդակներում աշխատանքային բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել: Նա նշել է, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ հնարավոր կլինի առավել կառավարելի դարձնել իրողությունները, ներքին կայունությունը դարձնել անխոցելի, ապահովել համերաշխության միջավայր։
Անդրանիկ Քոչարյանը նախագիծը Ոստիկանության բարեփոխումների շրջանակում կարևորագույն փաթեթներից է համարել և պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորումը ճիշտ հիմքերի վրա դնելու ուղղությամբ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն անդրադարձել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի ու մի շարք այլ խմբային գործերի:
Նշենք, որ Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն էր տվել օրենքի նախագծին, և այդ տարբերակի քննարկման շարունակությունն է երկօրյա աշխատաժողովում:
Քննարկումները թույլ կտան մինչև Ազգային ժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն ունենալ լիովին կոնսենսուսային լուծումներ:
ԱԺ գործընկերների հետ քննարկումները կշարունակվեն նաև մայիսի 17-ին՝ հունիսի 11-ի ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ:
Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։