ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում 2024 թվականից գործում է ՆԳՆ Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը, որն իր իրավասությունների շրջանակում իրականացնում է Նախարարության և նրան ենթակա պետական մարմինների կողմից պետական ծառայությունների մատուցման որակի հսկողություն, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրման գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների կիրառման կազմակերպում և իրականացում։
Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության, ինչպես նաև ՆԳՆ ենթակա մարմինների հանրային ծառայությունների ոլորտի մասնագետների պատշաճ գործունեության ապահովման և անձնակազմի կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։
Մասնակցում էին Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը և վարչության անձնակազմը:
Աշխատաժողովի նպատակն էր միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ մշակել ու տեղայնացնել ծառայությունների մատուցման որակի վերահսկողության հիմնական կատարողական ցուցիչները, ինչպես նաև ուղենշել գործունեության մեթոդաբանությունը։
Աշխատաժողովի ընթացքում ՆԳՆ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնելու և միջազգային փորձագետների հետ կիսելու հանրային ծառայությունների մատուցման հայաստանյան փորձը, ինչպես նաև քննարկելու միջազգային լավագույն ստանդարտներն ու դրանց հնարավոր տեղայնացմանն առնչվող տարաբնույթ հարցեր։