Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր։

Առաջարկվող կարգավորումներով վերարժևորվում է քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգը՝ հիմքում ունենալով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։

Մասնավորապես առաջարկվում է․

✅վերանայել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ օրինական բնակության ժամկետները․

– օտարերկրացիների համար նախատեսվում է սահմանել 5 տարի՝ գործող 3 տարվա փոխարեն,
– ՀՀ քաղաքացի մերձավոր ազգական ունեցող անձանց, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ 3 տարի,
– ազգությամբ հայերի համար՝ 2 տարի օրինական բնակության ժամկետ։

✅Կատարելագործել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգման մեխանիզմները՝ այդ նպատակով ստեղծելով մասնագիտացված հանձնաժողով։

✅Հստակեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացում ներկայացվող տվյալների և փաստաթղթերի ստուգման ընթացակարգերը։

✅Քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելը պայմանավորել երդման տեքստի ստորագրմամբ՝ նախատեսելով նաև երդման արարողության անցկացում ՀՀ տարածքում՝ մեկ տարվա ընթացքում։

✅Փոփոխություններ են նախատեսվում նաև քաղաքացիության վերականգնման կարգում․

– քաղաքացիությունը դադարեցրած անձը այն վերականգնելու համար կարող է դիմել դադարեցման հրամանագիրն ուժի մեջ մտնելուց առնվազն 5 տարի անց՝ պայմանով, որ դիմելու պահին ՀՀ-ում ունի առնվազն 3 տարվա օրինական բնակություն։

✅ Նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերի չափերը։

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ամրապնդել քաղաքացիության կոնցեպտը՝ որպես ժամանակակից պետության հիմնարար ինստիտուտ, հստակեցնել քաղաքացիության տրամադրման և վերականգնման գործընթացները, նվազեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերը և ամրապնդել ՀՀ քաղաքացիության ու անձնագրային համակարգի նկատմամբ միջազգային վստահությունը։

Նմանատիպ գրառումներ