Հունիսի 6-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին։
ՆԳ նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով հյուրին՝ հույս է հայտնել, որ նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա ՄԱԿ-ի հետ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։
Վահե Ղազարյանն անդրադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի գրեթե բոլոր գործակալությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների փուլում առանձնացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անմիջական ներգրավմամբ իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Ֆղանսուազ Ժակոբը ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների ճշգրիտ գնահատման և դրանց վերացման ուղղությամբ ՆԳ նախարարության հայտի հիման վրա իրականացվող աշխատանքները։
Ֆղանսուազ Ժակոբը պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը նաև աղետների ռիսկի կառավարման, Ոստիկանության բարեփոխումների և միգրացիայի ոլորտներում։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին արագ արձագանքման համար, ինչը կօգնի ավելի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները և աշխատանքներ սկսել դրանց վերացման ուղղությամբ։
Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման և Ոստիկանության բարեփոխումների գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աղետի գոտում ՄԱԿ-ի մասնագիտական խմբի աջակցության համար` նշելով, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակվում են:
Նա նաև անդրադարձել է ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների համագործակցությամբ ծրագրերի իրականացման աշխատանքներին` մատնանշելով նոր ուղղություններ:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ արդյունավետ համագործակցությանը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու հետագա ուղղությունները։
Քննարկվել են նաև ծառայություններում թվայնացման գործընթացներին, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին, Ոստիկանությունում կանանց ներգրավվածության բարձրացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։