Հունիսի 11-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը:
Քննարկվել են տարբեր ոլորտներում գործընկերության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցեր՝ երկու երկրների միջգերատեսչական պատվիրակությունների մասնակցությամբ:
Ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին մասնակցել է նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծվել է ԱՄՆ աջակցության կարևոր դերը նաև Հայաստանի իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ նախաձեռնություններում։
Հիմնվելով Հայաստանի Հանրապետությունում պարեկային ծառայության ստեղծման հաջողած փորձի վրա՝ կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից Ներքին գործերի նախարարությանն առաջիկայում աջակցության տրամադրման հարցը: Աջակցությունն ուղղված է լինելու հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման նպատակով ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը: Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում:
Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների խնդիրներին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատել տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար։
Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը:
Կողմերը համատեղ աշխատելու հանձնառություն են ստանձնել։