Հարգելի՛ քաղաքացիներ,
Հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այդ օրը ևս մեկ առիթ է՝ ուշադրություն հրավիրելու ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկին՝ փախստականների հիմնախնդրին:
Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ են վերցվել և փախստականի կարգավիճակ ստացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների պաշտպանությունն ու ինտեգրումը, կենսական պայմանների բարելավումը։
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձեռնարկում է աջակցման տարբեր միջոցառումներ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ ծառայությունների մատուցման առումով։ Մեր հայրենակիցների սպասարկումը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է արտահերթ կարգով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ՆԳ նախարարությունը համագործակցում է միջազգային և ներպետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում է այդ անձանց տվյալների թվայնացումը, որպեսզի նրանք լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից։