ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը: Նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։
Փոփոխությունների համար հիմք են ընդունվել Հանրապետությունում գործող ձերբակալվածների պահման վայրերի ծանրաբեռնվածության վերաբերյալ 2022-2023 թթ. տվյալները։
Առաջին ալիքի Լուրերի եթերում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախանշվող փոփոխությունները.
• Նախատեսվում է դադարեցնել ևս 8 ՁՊՎ-ների գործունեությունը. վերլուծությունը փաստում է, որ որոշ ՁՊՎ-ներում տարվա ընթացքում շահառուների թիվը շատ ցածր է։
• Երևանում կգործի 1 ՁՊՎ, մարզերում՝ երկուական ՁՊՎ, որոշ դեպքերում, կախված մարզի սփռման առանձնահատկություններից, կլինեն բացառություններ։
• Գործունեությունը դադարեցված ՁՊՎ-ներին հատկացվող գումարը կուղղվի այլ ՁՊՎ-ների պայմանների բարելավմանը։
• Շենքային պայմանների բարելավմանը զուգահեռ՝ ոստիկանության ոլորտի 2024-2026 թթ. ռազմավարությամբ նախատեսվում է ՁՊՎ-ներում մինչև 2026 թ. ներդնել տեսահսկման ամբողջական նոր համակարգ, որը կխթանի մարդու իրավունքների պաշտպանության իրավական դաշտի բարելավմանը։
• ՁՊՎ-ներում խոշտանգումները բացառելու համար շտապօգնության աշխատակիցները պետք է իրականացնեն փաստաթղթավորում Ստամբուլյան արձանագրությանը համահունչ։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ընդգծել է. «Թվակազմի փոփոխությունը երկու հիմնական նպատակադրում ունի. հենման կետերը երկուսն են՝ ապահովել լավ կառավարում և ունենալ այնպիսի պահման վայրեր, որոնք կլինեն անհրաժեշտ ու բավարար ձերբակալվածներին պատշաճ պայմաններով ապահովելու տեսանկյունից»։