Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը կապահովի ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ գվարդիայի ձևավորումը։
• Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիան Հայաստանի պաշտպանությանը կաջակցի առավել հասցեական և թիրախային գործիքակազմով։ Կվերացվի գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում է Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը:
• Կհստակեցվի գործառույթների շրջանակը․ գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
• Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
• Առավել կարևոր ուղղություններից է գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման կազմակերպումը. առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու հնարավորություն չի ունենա։
• Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։
Կառույցի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականին․ այն միտված է ներքին կայունության ու համերաշխության ապահովմանը։
Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։