Հուլիսի 26-ին Սևանում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկել է նախարարության նոր նախաձեռնությունը, որը նպատակ ունի լավարկելու պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթը՝ բարձրացնելով ծառայության արդյունավետությունն ու վստահության մակարդակը։

Ոչ ֆորմալ քննարկման շրջանակում նախարար Սարգսյանը հանդիպել է Երևանի գնդի պարեկների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներ։

Նախաձեռնության նպատակը՝ ծառայության ընթացքում քաղաքացիների հետ շփումներում ծագող խնդիրների համակողմանի գույքագրումը, առանձին դեպքերի վերլուծությամբ բացթողումների վերհանումը, ինչպես նաև ապագայում նմանատիպ իրավիճակներին առավել համարժեք արձագանքման մեթոդների մշակումն էր։

Գործընթացի հիմքում գործնական ուսումնասիրությունների, վերլուծությունների և փորձի փոխանակման միջոցով նորարարական լուծումներ ներդնելն է՝ ուղղված պարեկային ծառայողի և քաղաքացու միջև հաղորդակցության որակի բարելավմանը, ինչպես նաև հանրության շրջանում ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ ընտրված պարեկները կկատարեն հաղորդակցման մշակույթի դեսպանների դեր՝ իրենց ստորաբաժանումներում, կիսվելով ձեռք բերած գիտելիքներով ու փորձով, նպաստելով անձնակազմի հաղորդակցական հմտությունների զարգացմանն ու ծառայողական վարքագծում դրական փոփոխություններին։

Պարեկները ներկայացրել են ծառայության ընթացքում արձանագրված այն դեպքերը, երբ հաղորդակցման արդյունավետ հմտությունների կիրառումը նպաստել է կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ ու հարթ կարգավորմանը։

Ներկայացվել են նաև օրինակներ, երբ տարբեր պատճառներով իրավիճակը սրվել է։

Այս համատեքստում առանձնահատուկ շեշտադրվել է նման դեպքերից հետևություններ անելու, փորձառությունից դասեր քաղելու և հաղորդակցության որակի շարունակական բարելավման կարևորությունը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ պարեկների հաղորդակցման հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի տրամաբանական և շարունակական, ոչ թե մնա միայն քննարկումների մակարդակում։

Նախարարի խոսքով՝ խնդիրների գույքագրումից պետք է անցում կատարել դրանց լուծմանն ուղղված գաղափարների ձևակերպմանն ու դրանց իրականացման հստակ քայլերի ձեռնարկմանը։

Ծրագիրն իրականացվելու է տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ։ Այն ունի շուրջ մեկ ու կես ամսվա տևողություն, և նախատեսվում է հետագայում ընդլայնել՝ ներառելով նաև մարզերում ծառայող պարեկներին։

Ամենշաբաթյա հանդիպումներն ընդգրկելու են թեմատիկ քննարկումներ, դերային խաղեր, իրավիճակների վերլուծություն, ինչպես նաև հատուկ հյուրի մասնակցությամբ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները համագործակցային մեթոդաբանությամբ կուսումնասիրեն արդյունավետ հաղորդակցության հիմնական բաղադրիչները՝ խոսքի մշակույթ, վարքագծային դրսևորումներ, մարմնի լեզու և այլ հմտություններ։

Քննարկումից հետո Արփինե Սարգսյանը հետևել է ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության Սևանա լճում և լողափերին ծառայություն իրականացնող ուժերի միջոցառումներին՝ ուղղված քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

Նմանատիպ գրառումներ