Հաշվետվության սահիկաշար։

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագիրը կրող տարեկան համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու 2025 թվականին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների իրականացրած ծավալուն ու համակողմանի աշխատանքները՝ ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների շարունակական հզորացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի լավարկմանը, հետևաբար և հանրային վստահության մակարդակի բարձրացմանը։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համաժողովի շրջանակում համապարփակ ներկայացրել է իրականացված ծրագրերի իմպլեմենտացման քարտեզը։

Մասնավորապես, անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ նա նշել է, որ ՆԳ նախարարությունը վերահաստատում է իր ռազմավարական հանձնառությունը՝ ուղղված հանրային անվտանգության ապահովմանն ու ծառայությունների մատուցման արդիականացմանը, ինչն ի սկզբանե եղել է գերատեսչության ձևավորման հիմքում:

«Մենք ունենք մի շարք ուղղություններ, որտեղ թվայնացնում ենք ներգերատեսչական գործընթացները՝ աշխատակազմին ապահովելով ժամանակակից և արդյունավետ թվային գործիքակազմերով, իսկ վարչարարության բիզնես գործընթացները տեղափոխելով էլեկտրոնային միջավայր։

Այս փոփոխությունների ազդեցությունը քաղաքացին միշտ չէ, որ անմիջապես զգում է, քանի որ այստեղ մեր նպատակը ոլորտի երկարաժամկետ արդյունքների բարելավումն է։ Միաժամանակ մենք կարևորում ենք աշխատակազմի կարողությունների զարգացումը՝ նրանց զինելով պրոֆեսիոնալ և ժամանակակից գործիքներով, ապահովելով ոլորտային վիճակագրության պատշաճ վարում և ճշգրիտ, խորքային վերլուծությունների իրականացում։

Այսպիսի նպատակներ ենք սահմանել Համայնքային և Քրեական ոստիկանության տիրույթում, մի շարք տվյալների շտեմարանների արդիականացման ուղղությամբ, Ինտերպոլի հարթակում, ինչպես նաև Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում»,-նշել է Նարեկ Սարգսյանը։

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նախարարության առաջնահերթությունը քաղաքացիների հարմարավետության ու գոհունակության ապահովումն է։ Այդ ուղղությամբ որդեգրված նպատակն է առցանց հարթակների միջոցով երաշխավորել առավել պարզ, արագ, թափանցիկ և վստահելի ծառայությունների մատուցում, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել գրասենյակներ այցելելու անհրաժեշտությունից և հերթերում ժամանակի անարդյունավետ կորստից։

«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թվայնացման ոլորտում առավել ամբողջական և շոշափելի արդյունքներ գրանցել ենք հենց քաղաքացուն մատուցվող ծառայությունների մասով։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների և վարորդական իրավունքի տրամադրման ոլորտներում, անձնագրային և քաղաքացիությանն առնչվող ծառայություններում, օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հերթագրմանը, վստահաբար կարող ենք ասել, որ մեր ոլորտում հաջողել ենք ամբողջությամբ փոխել այդ մշակույթը՝ փակելով անկառավարելի և անկանխատեսելի ֆիզիկական կուտակումների էջը։

Ոչ վաղ անցյալում անձնագրային ծառայությունների հերթերը գլխամասային գրասենյակի դիմաց ստիպված էինք կարգավորել նույնիսկ Ոստիկանության զորքերի ներգրավմամբ։ Այսօր այդ իրավիճակը մնացել է անցյալում՝ շնորհիվ համակարգային թվայնացման և ծառայությունների հասանելիության նոր մակարդակի»,- ընդգծել է Նարեկ Սարգսյանը։

Ներկայացվել են միգրացիոն ոլորտի ներկա պատկերն արտացոլող ցուցանիշները, որոնք լավագույնս փաստում են արձանագրված դրական տեղաշարժերի մասին։

«Ռեկորդ ունենք գրանցած 2025 թվականի միգրացիոն սալդոյում։ 2025 թվականին հանրապետություն մուտք է գործել 8660-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան դուրս է եկել երկրից։

Չհաշված Քովիդով պայմանավորված 2020 թվականի բացառությունը՝ 2025-ին առաջին անգամն է, որ ՀՀ քաղաքացիների սալդոն դրական է, այն էլ՝ բավական բարձր ցուցանիշ, ինչը միտումների իրական փոփոխության մասին է։ Ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30 500, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս նոր միգրացիոն իրավիճակ ունենք, և Հայաստանը բացի տրանզիտից՝ վերածվել է արդեն մուտքի ուղղության»,- ներկայացրել է նա։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում արձանագրվել է զգալի առաջընթաց, և 2025 թվականի նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է Գործողությունների ծրագիրը։ Առանցքային է նաև այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է երկկողմ սերտ համագործակցության և գործընկերային ակտիվ փոխգործակցության պայմաններում։

«Այս պահին Ներքին գործերի նախարարությունը համակարգում է ինչպես ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիական ծառայության, այնպես էլ այլ նախարարությունների և դրանց ենթակա մարմինների աշխատանքները, որոնք փոխկապակցված են Գործողությունների ծրագրին։

Որպես ընդհանուր իրավիճակը նկարագրող դրվագներ՝ կարող եմ նշել, որ միգրացիայի կառավարման բլոկում աշխատանքները մեծ մասով կատարված են կամ ընթացքի մեջ են, իսկ որպես ամենամեծ ծավալի աշխատանք պահանջող ոլորտ՝ պետք է նշեմ սահմանների համալիր կառավարումը, որտեղ ևս, չնայած ընթացքում են մի շարք գործողություններ, այդուհանդերձ ծավալուն և ռեսուրսատար գործողություններ կան իրականացնելու։

Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման զեկույցը, և վստահ ենք, որ երկուստեք արձանագրելու ենք գոհացուցիչ արդյունքներ»,-ընդգծել է Նարեկ Սարգսյանը։

Ընթացիկ տարվա առաջնահերթություններից է Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանի մշակումը, որը փոխկապակցված է Ժողովրդագրության ռազմավարության և Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հետ։ ՆԳ նախարարությունը առանձնահատուկ կարևորում է քաղաքացիության բաղադրիչը, որի վերաբերյալ արդեն իսկ իրականացվել են նախնական քննարկումներ ՀՀ Վարչապետի գլխավորությամբ։

«Նոր ծրագրային ապահովում ենք գործարկելու տարեվերջին, որն ամբողջությամբ փոխակերպելու է բնակչության ռեգիստրի տրամաբանությունը։ Մեր նպատակը մեկ, միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։

Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք կամ հավելյալ տվյալ ներկայացնելու։ Ավելին՝ քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու, տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու հնարավորություն։ Իսկ ՍԷԿՏ-ի հետ համադրումը այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի»,- նշել է նա։

Ընթացքի մեջ է նաև կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը, որն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Մասնագիտացված խմբերը զուգահեռաբար աշխատում են ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Որպես մասնավոր գործընկեր հանդես է գալիս ոլորտի միջազգային առաջատարներից մեկը՝ հեղինակավոր «IN group» ընկերությունը։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը բազմաբաղադրիչ է և մի շարք առանձին ամբողջական ենթակառուցվածքների ստեղծում է ենթադրում՝ Տվյալների կենտրոն միջազգային eIDAS ստանդարտով, այդ թվում՝ սերվերային համակարգի աղետների ռիսկերից պաշտպանության հանգույցը, նոր ծրագրային ապահովման ներդրում՝ քաղաքացիների համար նախագրանցման հնարավորությամբ, հետևում՝ ինտեգրված տվյալների շտեմարանների խաչաձև ստուգումներով, տարածքային 23 գրասենյակների հիմնում` 2 խոշոր սպասարկման գրասենյակներ՝ Երևանում՝ տեղակայված Երևան մոլում և Մեգա մոլում, 21-ը՝ մարզերում։

«Մեգա մոլում շինարարական աշխատանքները մեկնարկել են, գլխամասային գրասենյակում՝ նույնպես։ Նոր համակարգը փուլային տարբերակով կգործարկվի աշնանը։ Այս օրերին արդեն կարող եք նկատել մեծաքանակ թափուր հաստիքների հայտարարություններ, քանի որ մասնավոր գործընկերը մեկնարկում է համալրման գործընթացը՝ ստեղծելով ավելի քան 150 նոր աշխատատեղեր»։

Նոր գրասենյակները նոր որակ կհաղորդեն հանրային ծառայությունների սպասարկման մշակույթին։ Ծրագրվում է ինքնասպասարկման տերմինալների ներդրում, ինչպես նաև մոդեռն սպասասրահների ու մանկական խաղասրահների ստեղծում։ Տեխնիկական կահավորումը կհամապատասխանի միջազգային լավագույն ստանդարտներին։ Բարեփոխումները կներառեն նաև ՄՔ ծառայության տարածքային բաժինները. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող 47 ստորաբաժանման փոխարեն կգործի 24-ը՝ ապահովված ժամանակակից պայմաններով։

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման համատեքստում ևս փոփոխություններ են կատարվել։ Հասարակական դժգոհությունների պատշաճ հասցեագրման արդյունքում՝ 2025 թվականի հունիսից գործարկվել է հերթագրման հիբրիդային մոդելը, որն ապահովում է առցանց և կենդանի հերթերի ներդաշնակ համադրումը՝ էականորեն նվազեցնելով սպասարկման գործընթացում առաջացող լարվածությունը։

«Հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրիչներով, որոնք ապահովում են քննության ողջ ընթացքի անընդհատ տեսաձայնագրումը։

Աշխատում ենք վարելու ուսուցումը դարձնել պարտադիր, լիցենզավորել կրթական գործունեություն իրականացնողներին, պատվիրակել նրանց քննություններ։

Միաժամանակ, վարորդական վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը հասանելի ենք դարձրել թվային տարբերակով: Փաստաթղթերը թվային տարբերակով ձեռք բերելու դեպքում վճարվելիք պետական տուրքը կիսով չափ կրճատվում է: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և համարանիշը ձեռք բերելու համար այլևս պարտադիր չի մոտենալ գրասենյակ։ Այն հնարավոր կլինի ստանալ «Հայփոստի» միջոցով առաքման տարբերակով՝ վճարելով տվյալ ծառայության արժեքը»,-մանրամասնել է Նարեկ Սարգսյանը:

Տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործարքներն անցած տարվա սեպտեմբերից իրականացվում են նաև թվային տիրույթում։ Համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրության միջոցով վայրկյանների ընթացքում կնքել պայմանագրեր և ինքնաշխատ եղանակով մարել հարկային պարտավորությունները։ Մինչ օրս համակարգի միջոցով կատարվել է 1000 գործարք՝ սպասարկելով շուրջ 2000 քաղաքացու։ Տեխնոլոգիական այս ձեռքբերումը բարձր է գնահատվել՝ արժանանալով տարբեր մրցանակների։

2025 թվականի մարտ ամսից ծառայությունների մատուցում է իրականացվել նաև շրջիկ ձևաչափով՝ հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած մեքենաների միջոցով։

Ավարտվել են  ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2025 թվականին։ Կենտրոնն արդեն ամբողջությամբ ձևավորված է։

«Գրասենյակը ստեղծվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (9-11) միավորման արդյունքում՝ մոտ ապագայում նաև շտապօգնության կանչերի միավորման ռազմավարությամբ։ Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն կողմնորոշվել, թե արագ արձագանքման որ համարով զանգահարել օգնության համար։ Նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը՝ յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել՝ 10, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել՝ առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում»։

Ոստիկանության համակարգը ևս ակտիվորեն  ընթանում է թվային տրանսֆորմացիայի ուղիով։ Թեև տարիներ շարունակ Ոստիկանություն և թվայնացում բառերը անհամատեղելի են եղել, սակայն բարեփոխումների համատեքստում արդեն իսկ մեկնարկել են թվայնացման աշխատանքները։

Նախատեսվում է ստեղծել քրեական գործերի վարման միասնական թվային համակարգ, ինչը կապահովի գործերի գրանցման, ընթացքի վերահսկման, փաստաթղթաշրջանառության և տվյալների պահպանման միասնական ու անվտանգ էլեկտրոնային միջավայր։

Միաժամանակ ինֆորմացիոն կենտրոնում իրականացվել են գործող տվյալների բազաների ինտեգրման և միավորման աշխատանքներ՝ մեկ միասնական տեղեկատվական հարթակում։  ՆԳՆ համակարգում արդեն իսկ ձևավորվել և գործում է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը՝ նպատակ ունենալով ապահովել իրական ժամանակում հանցավորության պատկերը, վիճակագրական տվյալների վերլուծության մեթոդաբանության արդիականացումը, արժանահավատ տվյալներով քաղաքականությունների մշակումը, հանցավորության շարժընթացի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ։

Մշակվել է Համայնքային ոստիկանության գործառույթների թվայնացման տեխնիկական առաջադրանք, որը փոխանցվել է Համաշխարհային բանկ՝ մրցույթ նախաձեռնելու։

ՆԳՆ բարեփոխումների օրակարգում առանցքային բաղադրիչ է կրթությունը։ Այդ համատեքստում կարևոր է նշել ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորումը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է ոչ միայն ոստիկանական ու փրկարարական ոլորտում, այլև արդեն հանրային ծառայության։

«Այստեղ, ամբողջովին նոր մոտեցմամբ շեշտադրված են գործնական ուսուցումը, նորարարական մեթոդները և ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը։ Այդ նպատակով ձևավորվել է սիմուլյացիոն սենյակ՝ հագեցած վիրտուալ իրականության գործիքներով։ Պիլոտավորվել է մենթորության նոր ծրագիր, վերապատրաստվել 10 000 ոստիկանության ծառայող, 300 փրկարար ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2000 աշխատակից և քաղաքացիական ծառայող»,- նշել է նա։

Ոստիկանության զարգացման նպատակով ներդրվում են համակարգային  երկարաժամկետ լուծումներ, որոնք մեկնարկել են ռազմավարական ու իրավական դաշտի բարեփոխումներով։ Արդիականացվել է պահնորդական ծառայությունը, օպտիմալացվել՝  պահպանվող կարևորագույն օբյեկտների ցանկը, մշակվել՝  խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման նոր մեխանիզմներ։ Ոստիկանության չորս հենասյուների զարգացումը մնում է որպես համակարգի շարունակական հանձնառություն։

Նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է։

 «Այդուհանդերձ, մենք ընդունել ենք այս պատասխանատվությունը՝ մեր ջանքերն ուղղելով դրա հետևողական իրագործմանը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակում ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։

Ձևավորվել են Բանակցային խումբը և Հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդը, որոնք հանդիսանում են փոխլրացնող և բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը՝ ճգնաժամային և բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։

Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք, արձանագրել 30 իրավախախտում»,- հավելել է Նարեկ Սարգսյանը։

Նախարարության եռամյա գործունեության առանցքում հանրային անվտանգության ապահովման երկարաժամկետ և դիմակայուն ինստիտուտի ձևավորումն է։ Այդ նպատակով համակարգված աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների արդիականացման, կադրային ներուժի զարգացման, կրթական որակի բարելավման և թվայնացման ուղղություններով։  Հանրային անվտանգության ապահովման արդյունավետությունը դիտարկվում է ոչ միայն օպերատիվ ծառայությունների, այլև կանխարգելման ու վերլուծական մոտեցումների համատեքստում։ Շրջանառության մեջ է դրվել Հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, ինչը հիմք է ապացուցահեն քաղաքականության ձևավորման և ժամանակակից մեթոդաբանության կիրառման համար։

Ներքին գործերի նախարարության կազմում ձևավորված  Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի համատեքստում նախատեսվում է ներդնել նոր մոտեցումներ քրեաբանական վերլուծության ոլորտում, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ։ Միաժամանակ իրականացվում է հանցավորության վիճակագրության մշակման և վերլուծության գործընթացի ամբողջական վերափոխում՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը, համադրելիությունը և օպերատիվ կիրառելիությունը։

Նշված վերլուծական և կանխարգելիչ կարողությունների զարգացման տրամաբանության շարունակությամբ, ինչպես նաև տվյալահեն և տեխնոլոգիական մոտեցումների ներդրման նպատակով նախատեսվում է ստեղծել կիբեռլաբորատորիա՝ թվային հանցագործությունների բացահայտման, թվային ապացույցների հետազոտության և կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման նպատակով։

Համակարգային բարեփոխումների հետևողական իրականացումն ապահովել է տեսանելի առաջընթաց, ինչն արտահայտված է հստակ և չափելի ցուցանիշներով։ Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրված  սպանության դեպքերը 100%-ով բացահայտվել են։ ՆԳ նախարարությունը մշակել է սպանությունների հաշվառման նոր մեթոդաբանություն՝ նպատակ ունենալով չեզոքացնել հանցավորության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը։ Նմանատիպ ապատեղեկատվությունը հաճախ կիրառվում է որպես հիբրիդային հարձակումների գործիք՝ հանրության շրջանում տագնապի ու անվստահության մթնոլորտ ստեղծելու և պետության անվտանգային վերահսկողությանը խարխլելու համար։

2025 թվականին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։

Շարունակելով մի շարք կարևոր ցուցանիշների ներկայացումը՝ նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14 747 դեպք, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ցուցանիշները։ Երկու տարվա արդյունքներով, ինչպես տեսնում եք, խնայվել է 95 մարդու կյանք։ Արդյունավետության բարձր ցուցանիշ ունենք նաև վարչական իրավախախտումների մասով․ 2025 թվականին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ճանապարհային ոստիկանության կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։

Արձանագրված գործնական արդյունքներն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց համակարգի ներքին կայունության և պրոֆեսիոնալիզմի հետևողական ամրապնդման։ Այդ համատեքստում ինստիտուցիոնալ վերափոխման առանցքային ուղղություններից է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումը։ Այդ նպատակով ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը, հաստատվել են ծառայողների վարքագծի կանոնները, ինչպես նաև մշակվել՝ առաքինության ստուգման կարգը։

Միաժամանակ իրականացվում է ատեստավորման համակարգի շարունակական կատարելագործում։ Այդ գործընթացին զուգահեռ մշակվել են կատարողականի գնահատման նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ծառայողների գնահատում ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հիմունքներով։

Նվազեցվել են մուտքային հասակի և քաշի չափանիշները՝ հաշվի  առնելով  ՀՀ բնակչության  ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական տվյալներն ու առանձնահատկությունները։ Օրենսդրական փոփոխությամբ վերացվել է Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը։

Նախատեսվում է ներդնել նոր, թվայնացված մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ (HRMIS), որի միջոցով կկարգավորվեն Ոստիկանության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման առանցքային բոլոր գործընթացները։

«Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նշեմ առավել էական աշխատանքները։ Կառուցվել է  վարչական նոր համալիր Պարեկային ծառայության և ՕԿԿ-ի համար, 30 տոկոսով օպտիմալացրել ենք ՁՊՎ-ները, ունեցել ենք ավտոպարկի աննախադեպ թարմացում, հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց, տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ և այլն։

Հանրային հաղորդակցության համատեքստում աշխատել ենք և՛ քաղաքացիական հասարակության հետ, և՛ անհատապես քաղաքացիների ներգրավման ձևաչափերով, և՛ հանրության լայն շերտերին ուղղված տեղեկատվական արշավների ձևաչափերով։ Մեր ոլորտի ՀԿ-ները ներգրավված են եղել ատեստավորման, կարգապահական հանձնաժողովներում, ձևավորել ենք հասարակական դիտորդների խումբ, ստեղծել ենք ՆԳ նախարարին կից հասարակական և երիտասարդական խորհուրդներ, իրականացրել՝ թիրախային հաղորդաշարեր»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս իրականացվում են համապարփակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ՝ ուղղված բնակչության պաշտպանության համակարգի արդիականացմանը։ Առանցքային նշանակություն ունի կանխարգելման կարողությունների հզորացումն ու արձագանքման արդյունավետության բարձրացումը։ Մասնավորապես՝ մշակվում է Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղետների հետևանքով հնարավոր կորուստներն ու վնասները։

Ինստիտուցիոնալ օպտիմալացման շրջանակում նոյեմբերի 1-ից իր գործունեությունը դադարեցրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նշված գործընթացը նպատակ ունի ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր հավատարմագրված անձանց համար։

Մեկնարկելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակում ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ։ Դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։

ՆԳՆ փրկարար ծառայության զարգացման նոր հայեցակարգով նախատեսվում է կառուցվածքային օպտիմալ մոդելի ձևավորում, ինչը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, արձագանքման օպերատիվությունն ու ռեսուրսների նպատակային կիրառումը։ Որպես համակարգային բարեվարքության կարևորագույն բաղադրիչ՝ հաստատվել են նաև ծառայողների վարքագծի կանոնները՝ նպաստելով ծառայողական էթիկայի և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։

Կարևոր է ընդգծել, որ ներկայումս Փրկարար ծառայությունում ծառայության անցնելը հնարավոր է բացառապես ՆԳՆ կրթահամալիրում բազային պատրաստվածության կուրսն անցնելու պայմանով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Փրկարար ծառայության կամավորական համակարգի զարգացմանը։ Նախատեսվում է այդ համակարգի հետագա ընդլայնում՝ կամավորների համար հատուկ սոցիալական և իրավական երաշխիքների սահմանմամբ։ Համալրվել է ծառայության նյութատեխնիկական բազան։

Ներկայումս ՀՀ տարածքում գործում է կամավորական հրշեջ-փրկարարական 11 հենակետ, որոնցից երկուսը ձևավորվել են 2025 թվականին՝ Մեղրաձորում և Արագածավանում։ Նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նաև այս տարի։

Բացվել է Փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքը, կառուցվում է Սևանի ջրափրկարարական կայանը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ և նոր համազգեստ։

ՆԳ նախարարությունը պատասխանատու հանձնառությամբ իր մանդատի շրջանակում շարունակելու է կյանքի կոչել բարեփոխումների օրակարգով նախատեսված ծրագրերը։

Նմանատիպ գրառումներ