ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների համակարգային արդիականացման շրջանակում վերազինվել է նաև սեյսմիկ պաշտպանության ոլորտը։ Եթե նախկինում ծառայության տարածաշրջանային կենտրոնները օպերատիվ հերթապահությունն իրականացնում էին միայն սպասարկման տարածքներում, իսկ տվյալների փոխանակումը կատարվում էր ալեհավաքային կապով, ինչը հաճախ հանգեցնում էր տեխնիկական խնդիրների, ապա այսօր ներդրվել են տվյալների հավաքագրման և մշակման առավել օպերատիվ ու ճշգրիտ մոդելներ։
ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Շավարշ Արամյանի խոսքով՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում արդեն գործում է տվյալների հավաքագրման և օպերատիվ մշակման բաժինը` համալրված համապատասխան գույքով և տեխնիկայով։ Մեր հերթապահության ժամանակ ողջ պատասխանատվությունը կրում է Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը»։

Առանցքային ձեռքբերումներից է «դուբլյորի» կամ փոխարինելիության սկզբունքի ներդրումը։ Այժմ տարածքային ստորաբաժանումները գործում են որպես մեկ միասնական համակարգ, ինչը նշանակում է, որ կենտրոնները կարող են լիարժեքորեն փոխարինել միմյանց։ Օրինակ՝ եթե սեյսմիկ իրադարձության օջախը Երևանում է, ապա Գյումրու կենտրոնը կարող է ստանձնել տվյալների մշակման և իրազեկման ողջ գործընթացը՝ ապահովելով տեղեկատվության անընդհատությունը։

«Դիտացանցի արդիականացմանը զուգահեռ՝ Գյումրիի կենտրոնի տվյալների հավաքման և օպերատիվ վարչության բաժնում կան նաև աշխատակիցներ, որոնք իրականացնում են նույն գործառույթը, ինչ-որ Երևանում, բայց ի տարբերություն նախորդ տարիների՝ երբ զուգահեռ երեք թիմ էր իրականացնում այդ գործառույթը, այսօր իրականացվում է մեկ թիմ կա՛մ Գյումրիի թիմը, կա՛մ Երևանի ըստ հերթապահությունների գրաֆիկի»,-ներկայացնում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը նաև կարևոր մասնագիտական դարբնոց է։ Այստեղ ուսանողներն ու աշակերտները հնարավորություն ունեն գործնականում ծանոթանալու սեյսմիկ ալիքների մշակման ընթացքին, ինչպես նաև երկրաշարժի էպիկենտրոնի և մագնիտուդի որոշման մեթոդաբանությանը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն այսօր առավել պատրաստված է՝ դիմակայելու բնության մարտահրավերներին, իսկ համակարգի վերազինումը շարունակական է։

Նմանատիպ գրառումներ