ՆԳ նախարարության կազմակերպած հունիսմեկյան տոնական միջոցառումը, բացի ավանդական զվարճանքի ձևերից, առանձնանում էր նաև գիտելիքահեն խաղերով։
Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև ՆԳ նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Վորլդ վիժն Հայաստանի» և «Այլկերպ» ընկերության համագործակցությամբ ստեղծված թեմատիկ «Փրկարար ջոկատ» սեղանի զարգացնող խաղը։

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի խոսքով՝ «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չէր կարող բաց թողնել հնարավորությունը՝ Երեխաների պաշտպանության օրն ընդգծելու այն հիանալի համագործակցությունը, որն ունենք Ներքին գործերի նախարարության հետ։ Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու և այս յուրահատուկ նախաձեռնությունը ներկայացնելու համար։ Սա երեխաների համար նախատեսված խաղ է, որի նպատակը պատրաստված լինելու գաղափարին ծանոթացնելն է, քանի որ պատրաստվածությունը նաև մտածելակերպ է։ Ուստի շատ կարևոր է երեխաներին կրթել պատրաստվածության ոգով։ Սա ապագայում կարող է փրկել նրանց կյանքը»։

Խաղի միջոցով երեխաները կարող են զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները և ձևավորել պատասխանատու վարքագիծ, հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ կարող է վճռորոշ լինել ոչ միայն իրենց, այլև շրջապատի անվտանգության համար։

«Խաղն ունի մի շարք առանձնահատկություններ․ իրականացրել ենք հստակ տարիքային տարանջատումներ։ Այն նախատեսված է 4-ից 7 տարեկան և 8-ից 14 տարեկան երեխաների համար։ Քարտերն այնպես են մշակվել, որպեսզի երեխաների համար լինեն հասկանալի և պարզ կիրառելի։ Յուրաքանչյուր քարտում իրատեսական իրավիճակներ ենք ներառել, որտեղ երեխան փորձելու է ստեղծված իրավիճակում արագ կողմնորոշվել, ճիշտ գործողություններ ընտրել։ Նաև ներառված է հիշեցնող տեղեկատվություն, որը երեխաների մոտ ձևավորում է ոչ միայն հմտություն, այլև վարքագիծ»,-ներկայացնում է ՆԳՆ Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Հաղորդակցության տեսանկյունից խաղի ստեղծումը, իրոք, ձեռքբերում է․ կան տեղեկատվություններ, որոնք երբեմն դժվար է մատուցել այնպես, որպեսզի երեխաների համար ընկալելի լինի, հեշտ հիշվող։ Մենք փորձել ենք բոլոր պարտադիր պահանջները ներառել խաղի մեջ»,-նշում է «Վորլդ վիժն Հայաստան» ռազմավարական հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Մանե Մինասյանը։

Քարտերի հիմքում իրականությանը մոտ իրավիճակներ են՝ կապված հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կայծակի և այլ վտանգավոր երևույթների հետ։ «Փրկարար ջոկատում» բարդ իրավիճակները ներկայացված են պարզ, հասկանալի և տարիքին համապատասխան, ինչը նպաստում է նյութի հեշտ յուրացմանն ու երկարաժամկետ հիշողության ձևավորմանը։

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Կիրի Ատրիի խոսքով՝ «Խաղն արդեն հասանելի է այն դպրոցներում, որոնք ընդգրկված են «Վորլդ վիժն Հայաստանի» ծրագրերում, ինչպես նաև որոշ մանկապարտեզներում»։

«Բոլոր գործընկերները ջանք չեն խնայել, որպեսզի ստեղծեն այնպիսի խաղ, որը ոչ միայն ուսուցողական կլինի, այլ նաև կգրավի երեխաներին, կարևոր գիտելիքները երեխաներին կհասցնենք հենց խաղային միջավայրի միջոցով»,-ասում է «Վորլդ վիժն Հայաստան» ծրագրի ղեկավար Զառա Լալայանը։

ՆԳ նախարարությունը կարևորում է երեխաներին վաղ տարիքից համապատասխան գիտելիքներով զինելը, ինչպես նաև պատասխանատու մտածողության և ճիշտ վարքագծի զարգացումը։ Այդ համատեքստում «Փրկարար ջոկատ» խաղը ծառայում է որպես արդյունավետ կրթական գործիք՝ նպաստելով երեխաների իրազեկվածության բարձրացմանն ու վաղ տարիքից անվտանգային մշակույթի ձևավորմանը։

Նմանատիպ գրառումներ