
Հունիսի 5-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության անդամներին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քարտուղարության անդամներ, քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։
Նախարար Սարգսյանը կարևորել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը։
Նախարարը ներկայացրել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող և քվեարկության օրը կատարվելիք աշխատանքները։ Նա նշել է, որ Ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու 1997 ընտրատեղամասերում՝ պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։
Նախարար Սարգսյանը ներկայացրել է նաև ընտրողների ցուցակների կազմման և ճշգրտման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքներին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը լիովին պատրաստ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումը՝ նշելով, որ ընտրական գործընթացին միջամտելու կամ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը սահմանափակելու ցանկացած փորձ արժանանում է և շարունակելու է արժանանալ օրենքով սահմանված խիստ արձագանքի։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության անդամները ներկայացրել են դիտորդական առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, նաև հետաքրքրվել ԱԺ առաջիկա ընտրությունների կազմակերպման, անվտանգության ապահովման և ընտրական գործընթացների կառավարմանն առնչվող մի շարք հարցերով։
Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարի, կիբեռանվտանգության և ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանն առնչվող հարցեր։
















