
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ՝ հունիսի 15-ին մեկնարկել և մինչև 19-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվելու է «Հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման և իրականացման» թեմայով ազգային աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցում են ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
Աշխատաժողովի առանցքում հոկտեմբերին Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգությունը պատշաճ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներն էին։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շարունակական աջակցության և փորձագիտական ներուժը Հայաստանի գործընկերների հետ կիսելու պատրաստակամության համար։ Նրա խոսքով՝ COP17-ի շրջանակում ՆԳ նախարարությունն ունի առանցքային դերակատարում՝ հասարակական կարգի պահպանության, ծառայությունների համակարգման և միջուկային անվտանգության ապահովման ուղղություններով։
Քննարկվել են հանրային միջոցառումների ժամանակ միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, տեխնիկական և մարտավարական թիմերի փոխգործակցության, միասնական արձագանքման և հաղորդակցության կազմակերպման հարցեր։
Մինչև COP17 համաժողովը նախատեսվում են անցկացնել նաև գործնական վարժանքներ՝ տարբեր սցենարային իրավիճակներում ծառայությունների արձագանքման կարողությունները զարգացնելու և միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։



















