
Ապահովության բարձր զգացում, վստահություն և գոհունակություն․․․ 2026 թվականին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների իրականացրած մի շարք հետազոտություններ փաստում են՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային ընկալումներում արձանագրվում է կայուն դրական դինամիկա։ Հանրության շրջանում ձևավորվող միտումները վկայում են ՆԳ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության և մատուցվող ծառայությունների արդյունավետության շարունակական բարելավման մասին։
«Հարցումների արդյունքները կարևոր են մեզ համար․ դրանք ՆԳ նախարարության կամ առանձին ճյուղերի գործունեության վերաբերյալ տալիս են գնահատական։ Մեզ համար այդ արդյունքները շատ կարևոր են որպես կառավարման գործիքներ և թույլ են տալիս նախանշել, թե ինչպես պետք է այս կամ այն նեղ ոլորտում առաջ շարժվել»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ «Բրեվիս» ընկերության կողմից իրականացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով, ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիների գոհունակության ցուցանիշով առաջատար է իրավապահ մարմինների շարքում։ Փետրվարին գրանցված արդյունքների համեմատ՝ մայիսին Ոստիկանության աշխատանքից լիովին կամ հիմնականում գոհ քաղաքացիների թիվն աճել է՝ 61 տոկոսից հասնելով 68 տոկոսի։
Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ կողմից պատվիրակված և «Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության թիմի ջանքերով իրականացված Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտության արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի ու մի շարք այլ ընկալումների։
«ԵԱՀԿ կողմից պատվիրակված Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումների հարցումն արդեն երրորդն է, որն իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ: Այդ հետազոտությունները հանդիսանում են կարևոր գործիք, քանի որ թույլ են տալիս գնահատել Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունը»,- նշել է ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը։
«Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանի խոսքով՝ հեռախոսային բոլոր զանգերն իրականացվել են պատահականության սկզբունքով․ բոլոր բնակիչները հավասար հավանականությամբ հնարավորություն են ունեցել մասնակցել հարցմանը, ինչը բավական կարևոր չափանիշ է ցանկացած հետազոտությունում ներկայացուցչականության ապահովության տեսանկյունից։
Հարցվածների 52,8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է Ոստիկանությանը․ հանրագումարային ցուցանիշն աճել է 7,5%-ով։ 21,8%-ը Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ, նվազել է Ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը՝ կազմելով 21,2%։ Հարցվածների 69,1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ։ 92,1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է՝ կազմելով 77,4%։
«Ես կարող եմ ասել, որ Հայաստանը ամենաապահով երկրներից մեկն է»,- նշել է հարցված քաղաքացիներից մեկը։
«Ինձ բավական ապահով եմ զգում Երևանում՝ հատկապես երեկոյան, ինչը շատ հաճելի է»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Դրական ընկալումներ են արձանագրվել նաև «ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում։
«Ծրագրի շրջանակում առաջին անգամ իր բնույթով և ծավալով ամբողջ ՀՀ տարածքում իրականացվեց հարցում, որը վերաբերելի էր Ոստիկանությանը՝ որպես գործատուի․ պետք էր հասկանալ Ոստիկանության վերաբերյալ հասարակության կարծիքը»,- նշել է ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը։
Ոստիկանությունը որպես հուսալի և հեղինակավոր գործատու է համարել հարցված ուսանողների կեսից ավելին, ինչը վկայում է երիտասարդների շրջանում ոլորտի գրավչության մասին։
ՆԳ նախարարությունը կարևորում է անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից իրականացված հանրային հարցումները՝ արդյունքները համադրելով առկա վերլուծական տվյալների հետ և օգտագործելով դրանք փաստահեն քաղաքականության մշակման ու ծառայությունների շարունակական բարելավման համար։










