
Հուլիսի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ մարդու դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100 տոկոս։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 169 հանցագործության դեպք` նախորդ տարվա համեմատ 70-ով ավելի։ 169 հանցանքից բացահայտվել՝ 150-ը։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 88,8 տոկոս։ Մասնավորապես ավելացել են լատենտային հանցատեսակների հայտնաբերման դեպքերը։
Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում արձանագրվել է 108 հանցագործության դեպք։ Մասնավորապես աճել են մարդու դեմ ուղղված և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 73,1 տոկոս՝ բացահայտվել է 79 դեպք։
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 46,5 տոկոսով։ Արձանագրվել է 227 հանցագործության դեպք, բացահայտվել՝ 209։ Աճ է արձանագրվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,3 տոկոսով։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 90 տոկոս․ գրանցված 270 դեպքից բացահայտվել է 243-ը։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում է արձանագրվել Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Գրանցված 126 հանցագործության դեպքից բացահայտվել է 111-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 88,1 տոկոս։ Ընդհանուր պատկերում նվազել են սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 126 հանցագործության դեպք, տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 41945 արձանագրություն՝ նախորդ տարվա 37807-ի համեմատ։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերը, ավելացել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման էական աճ, մասնավորապես՝ վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու, ծխելու, չամրակապված վարելու, սահմանված արագությունը գերազանցելու, ինչպես նաև երեխաներին առանց մանկական նստատեղերի՝ քարսիթերով տեղափոխելու դեպքերով։
Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետը ներկայացրել է մարզի գործունեության հիմնական արդյունքները՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում շեշտակի աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշում։ Նրա խոսքով՝ դրան նպաստել են ծառայության կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, արագ արձագանքման կարողությունների զարգացումն ու կանխարգելիչ աշխատանքի ակտիվացումը։
Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում թե՛ Քրեական, թե՛ Համայնքային ոստիկանության գործունեության մի շարք ուղղություններով արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկաններին՝ Վարդավառի տոնակատարությունների ընթացքում փրկարարների հետ միասին իրականացրած ուժեղացված ծառայության համար, ինչի շնորհիվ ծանր հետևանքներով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։
Խոսելով հանրային անվտանգության ապահովման առաջնահերթություններից՝ նախարար Սարգսյանը նշել է, որ նախարարության օրակարգում շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ հարցում ոստիկանությունը պետք է առավել հետևողական գործի։
ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ անչափահասների նկատմամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունները պետք է առաջնահերթություն դիտարկվեն տարածքային բոլոր ստորաբաժանումներում՝ ապահովելով դրանց արդյունավետ և գործընկեր կառույցների հետ համագործակցված ընթացքը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է անչափահասների հետ տարվող աշխատանքը կազմակերպել համակարգված՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ, ակտիվացնել նրանց հետ տարվող կանխարգելիչ աշխատանքները կրթական հաստատություններում՝ ամրապնդելով դպրոցների հետ համագործակցությունը։
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով տարածքային ստորաբաժանումներում ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները՝ ապահովելով յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ պատշաճ արձագանք։
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին՝ նախարարը նշել է, որ պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել համակարգչային հափշտակությունների, կիբեռհանցագործությունների և առցանց խարդախությունների դեմ՝ կիրառելով ժամանակակից գործիքակազմ։
Նախարարն ընդգծել է, որ Գեղարքունիքը զբոսաշրջային մարզ է, ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, իրավախախտումներին արձագանքել արագ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված ներգործության խիստ միջոցներ։
Արփինե Սարգսյանը դրական է գնահատել պարեկային ծառայության աշխատանքն, ինչի արդյունքում մարզում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով զոհերը։ Դրական է գնահատվել նաև ջրային պարեկների կողմից ձկնագողության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն ապօրինի որսած ձկան հայտնաբերմանը, այլև այնպիսի արդյունավետ վերահսկողության ապահովմանը, որը կբացառի ձկան լճից դուրսբերման հնարավորությունը։
ՆԳ նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև ակտիվացնել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հանքարդյունաբերության դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները։
Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական և արդյունքահեն աշխատանք՝ կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունն ու քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։





































