
Համաժողովի ընթացքում ենթադրյալ հանցագործը կիրառել է քլորոպիկրին՝ խիստ գրգռող քիմիական միացություն, որը պատմականորեն օգտագործվել է որպես քիմիական զենք։
Վտանգավոր նյութի տարածումից հետո տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ախտահարումներ, իսկ դեպքի վայրում անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակներում արձագանքման բոլոր մեխանիզմները։
Խուճապի մատնվելու կարիք չկա. այս ամենը ոչ այլ ինչ է, քան դաշտային վարժանքի սցենար, որի նպատակն է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ստուգել և կատարելագործել պատասխանատու գերատեսչությունների համատեղ արձագանքման պատրաստվածությունը։
Ըստ վարժանքի սցենարի՝ COP17 համաժողովի երկրորդ օրվա առավոտյան ենթադրյալ հանցագործը փոփոխության ենթարկված ուսապարկային ցողիչ սարքով մուտք է գործում նախասրահ, ակտիվացնում է սարքը՝ մարդկանց բազմության մեջ տարածելով քիմիական նյութը, այնուհետև նետում է սարքը, նախասրահում թողնում առանց հսկողության ուսապարկ և փորձում փախչել խուճապի մատնված ամբոխի միջով։
Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն անմիջապես վնասազերծում և ձերբակալում են ենթադրյալ հանցագործին։ Միաժամանակ Փրկարար ծառայության աշխատակիցների հետ կազմակերպվում է քաղաքացիների անվտանգ տարհանում՝ մուտքերին և ելքերին հնարավորինս մոտ գտնվող անվտանգ միջանցքներով։
Ստեղծվում է միջադեպի կառավարման հրամանատարական կետ, իրականացվում է տարածքի սահմանազատում և գոտիավորում, ինչը հնարավորություն է տալիս համակարգված կազմակերպել հետագա արձագանքման բոլոր գործողությունները։
Այնուհետև մասնագիտացված խմբերը սկսում են դեպքի վայրի զննությունը։ Գնահատվում են առկա ռիսկերը, ճշգրտվում, անհրաժեշտության դեպքում վերագնահատվում են վտանգավոր գոտիների սահմանները՝ ապահովելով արձագանքող անձնակազմի և շրջակա միջավայրի անվտանգությունը։
Իրականացվում են նմուշառում, դեպքի վայրի մանրամասն զննություն և ապացույցների հավաքագրում։ Հավաքված նմուշներն ուղարկվում են լաբորատոր հետազոտության, իսկ մասնագետները շարունակում են քրեագիտական և քննչական գործողությունները՝ հետագա վարույթային գործընթացներն ապահովելու նպատակով։
Վարժանքին ներգրավված էին նաև Քննչական կոմիտեի քրեագիտական կենտրոնի, Պաշտպանության, Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետները։
Վարժանքի հիմնական նպատակը ոչ միայն տարբեր կառույցների պատրաստվածության ստուգումն էր, այլև COP17 համաժողովի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման, մասնակիցների և քաղաքացիների անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործումը։
Նմանօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել տարբեր ծառայությունների փոխգործակցությունը, արագ արձագանքման կարողությունները և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման արդյունավետությունը։



























