
Հուլիսի 28-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունների վերաբերյալ։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը ներկայացրել են ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունները, ինչպես նաև դրանց հատկացման գներն ու ձեռքբերման ընթացակարգը։
Նշվել է, որ քաղաքացիների շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածի մի կողմում «0» թվեր, իսկ մյուս կողմում մեկ կամ ավելի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը, որոնց առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական գործիքակազմ նախատեսված չէր։
✅Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև թվային հատվածի մի կողմում «0»-ներ, իսկ մյուս կողմում մեկ կամ ավելի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը, որոնք տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից։
✅2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
✅Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
✅Միևնույն ժամանակ, առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգը շարունակում է գործել։ Այդ համարանիշերի առանձնահատկությունն այն է, որ թվային հատվածի բոլոր հինգ նիշերը «0» են կամ հինգ նիշերից չորսը «0» են՝ այլ թվի համադրությամբ` միևնույն կամ տարբեր երկու լատինական տառերով։
Բանախոսները պատասխանել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

















