
Կամավորական հրշեջ-փրկարարական համակարգի զարգացումն ու առաջին արձագանքման կարողություններով օժտված թիմերի ձևավորումը ՆԳՆ Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում են։
Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հուլիսի 24-ին Արարատի մարզի Լուսաշող բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետ։
Նորաբաց հենակետը սպասարկելու է Լուսաշող բնակավայրն ու հարակից վեց բնակավայրերը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու արտակարգ դեպքերին առավել արագ արձագանքելու հնարավորությունը։
Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հանձնել փրկարարի որակավորման քննություններ։
Բացման արարողությանը հաջորդել է գործնական տակտիկական ուսումնավարժանքը, որի ընթացքում Լուսաշողի կամավոր հրշեջ-փրկարարական թիմն ու Փրկարար ծառայության մասնագետներն իրականացրել են պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ։ Ըստ սցենարի՝ առանձնատներից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել և մարվել է, իսկ տուժածին տեղում ցույց է տրվել առաջին օգնություն։
Վարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները․ նորաստեղծ կամավորական թիմը պատրաստ է փրկարարական ծառայողների հետ արձագանքել վտանգին՝ ապացուցելով, որ արդյունավետ փրկարարական համակարգը սկսվում է պատրաստված համայնքից։
Կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետի բացմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Վեդիի քաղաքային իշխանության, «Volfire» ծրագրի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի Ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչներ։
Հենակետը ստեղծվել է ՆԳՆ Փրկարար ծառայության, Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ ստեղծվել է 11 կամավոր հրշեջ-փրկարարական հենակետ։ Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մեկը՝ ընդլայնելով համայնքների ցանցը։










