
Օգոստոսի 14-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում Ծառայության կատարած աշխատանքներն ու արդյունքները։
Արմեն Ղազարյանը ներկայացնելով միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումները՝ ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը նախաձեռնել է միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումն ու վերանայումը։
✅ Միգրացիոն ռազմավարության մեջ առաջին անգամ դիտարկվում է քաղաքացիության ինստիտուտը։
✅ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացն ակտիվ աշխատանքային փուլում է։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը մայիսին ստացել է Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որտեղ ԵՄ գործընկերները դրական են գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
Ընդհանուր միգրացիոն միտումների վերաբերյալ թվային պատկերը ներկայացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
✅ Առաջին կիսամյակի արդյունքներով՝ միգրացիոն բոլոր գործընթացներում, մասնավորապես՝ մատուցվող ծառայությունների ոլորտում արձանագրվել են դրական միտումներ։
✅ 2026 թվականի առաջին կիսամյակում ևս արձանագրվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատման դրական հաշվեկշիռ (սալդո)՝ +1347, ինչը բացառիկ ցուցանիշ է․ 2025 թվականին առաջին անգամ արձանագրվել էր դրական հաշվեկշիռ՝ +8660։
Անդրադառնալով կենսաչափական նոր համակարգի ներդրմանը՝ Նելլի Դավթյանը շեշտել է, որ աշնանը կմեկնարկի կենսաչափական նոր փաստաթղթերի տպագրության և տրամադրման գործընթացը։
✅ Առաջին փուլում կլինեն 14 գրասենյակներ, հետագայում դրանց թիվը կդառնա 23 ՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող։
✅ Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը մրցունակ է աշխարհում և անվտանգային բաղադրիչները համապատասխանում են ԵՄ գործող չափանիշներին, արժենալու է 28 650, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։
✅ Նոր անձնագիրը տրամադրվելու է՝ 10, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։
Նորությունն այն է, որ ծնողի ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարին լրանալուց հետո նույնականացման քարտ ունենալը, «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքի համաձայն, պարտադիր կդառնա։ Օրենքն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը։
✅ Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։
✅ Նախկին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունը կդադարեցվի աշնանը։
Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը՝ Նելլի Դավթյանը նշել է, որ էական աշխատանքներ են իրականացվել բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։
Բանախոսները նաև պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։



















