
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։
Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու և անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով՝ մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերաորակավորմանը։
«Մենք աջակցում ենք հայկական թիմին վերաորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմերն ու առաջիկա երկու տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է ինը մասնագետ՝ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական և լոգիստիկ ուղղություններով»,- նշել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։
Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը՝ ազդարարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները՝ իրական։
Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման և մեկնման կենտրոն, շտաբ և ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաև միջազգային թիմերի ընդունման, գրանցման և նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։
Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները՝ համագործակցելով միջազգային թիմերի հետ։
«Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով։ Գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական և կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաև 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու և կառավարելու կարողությունը»,- ընդգծել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։
Վարժանքի ավարտին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը, հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները։ Քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները և նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։
Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման և միջազգային վերաորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։










