
Ի՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին. պարզաբանում է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։
☑️ Սեռական շորթումն այն երևույթն է, երբ չարագործը սպառնում է հրապարակել կամ տարածել անձի մասին սեռական բնույթի նյութեր (հաղորդագրություններ, մերկ լուսանկարներ կամ տեսանյութեր), եթե նա չկատարի իր պահանջները։
Պահանջները կարող են լինել տարաբնույթ՝ նոր լուսանկարների տրամադրումից մինչև դրամական միջոցներ։ Ժամանակակից ԱԲ գործիքների միջոցով հանցագործները կարող են ստեղծել կեղծ, բայց խիստ իրական թվացող լուսանկարներ կամ տեսանյութեր նույնիսկ այն դեպքում, երբ անչափահասը երբևէ մերկ լուսանկար չի արել և ուղարկել այլ անձի։ Դա ևս կարող է դառնալ շանտաժի առարկա։
☑️ Նման իրավիճակում հայտնվելով՝ երեխաները հաճախ լռում են, քանի որ վախենում են ծնողների արձագանքից, այն է՝ որոշակի արգելքներից։
☑️ Վստահեցրե՛ք ձեր երեխային, որ խնդիրներ ունենալիս կարող է դիմել ձեզ՝ առանց պատժվելու վախի։
☑️ Բացատրեք, որ համացանցում շատ են տարաբնույթ վտանգները, ուստի չի կարելի հաղորդակցվել անծանոթ անձանց հետ, իսկ նմանատիպ պահանջի դեպքում անհապաղ պետք է դիմի ձեզ։
Սիրելի՛ քաղաքացիներ, կարևոր մի հանգամանք ևս․ եթե ձեր երեխան դարձել է նման հանցագործության զոհ, անպայման դիմեք իրավապահ մարմիններին:










