
«Սիրելի քաղաքացիներ,
առաջիկա շաբաթների ընթացքում մանրամասն կներկայացնենք, թե ինչ է կենսաչափական նոր համակարգը, ինչ է այն փոխելու մեր քաղաքացիների համար և ինչու է դրա ներդրումը կարևոր Հայաստանի Հանրապետության համար:
Կենսաչափական փաստաթուղթը պարզապես նոր անձնագիր չէ, այն սահմանի վրա թվային նույնացման միջոց է, իսկ այդ նույնացումն ապահովելու է անձնագրում զետեղված անտեսանելի նոր սերնդի չիպը, որը փոխճանաչելի է լինելու ամբողջ աշխարհում:
Եվ այսպես, ի՞նչ կապ ունի նոր սերնդի կենսաչափական անձնագիրը Եվրոպական միության երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորության հետ:
Ներկայումս մեր առանց կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագիրը եվրոպացի սահմանապահը ստիպված է լինում թերթել, ձեռքով հետազոտել և, բնականաբար, կեղծիքի հավանականությունը մեծ է:
Կենսաչափական անձնագրի պայմաններում այս նույնացումը վայրկյաններ է տևելու՝ կեղծիքի հնարավորությունը մոտ զրոյի: Միջազգային ստանդարտի կենսաչափական ենթակառուցվածքի ներդրմամբ Հայաստանը բավարարում է ամենաառանցքային և անվերապահ պայմանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից։ Բնականորեն այն ամենառեսուրսատարն էր, ամենաբազմաշերտն ու աշխատատարը մեզ համար: Այսպիսով, Հայաստանում կենսաչափական անձնագրերի թողարկումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից»։










