Հոկտեմբերի 6-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։

Քննարկվել են «Դիմակայուն Հայաստան․ աղետների ռիսկի ներառական և կայուն կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցության միջոցով» ծրագրի իրականացման մեխանիզմները, առաջնահերթ ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ծրագրի գործողությունները պետք է հիմնվեն կարիքների վրա՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Այդ համատեքստում կարևորվել է թվային բաղադրիչը՝ տվյալների կառավարման, վաղ ազդարարման և ճգնաժամային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ։

Շվեդական կողմի ներկայացուցիչները կարևորել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում հայկական կողմի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ ընդգծելով Ծրագրի շրջանակում ընդհանուր նպատակները։

Հանդիպման ավարտին ՆԳ նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության միջև ստորագրվել է «Դիմակայուն Հայաստան․ աղետների ռիսկի ներառական և կայուն կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցության միջոցով» ծրագրի վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը։

Կողմերը վերահաստատել են Ծրագրի համատեղ իրականացման և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ շեշտադրելով գենդերազգայուն, ներառական, կայուն և արդյունքահեն մոտեցումները։

Հանդիպմանը նախորդել էր Ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարության, Փրկարար ծառայության, Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներ և փորձագետներ։

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարության կարողությունները՝ նպաստելով ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին Հայաստանի առավել արդյունավետ ինտեգրմանը։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պլանավորման և ծրագրերի իրականացման բաժնի պետ Գարիկ Խուդոյանը և Ծրագրի ղեկավար Սուսաննա Յոհանսոնը։

Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրոմը։ Նա կարևորել է հայ-շվեդական համագործակցությունը և հասարակության դիմակայունության բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։

Ընդգծվել է, որ Ծրագիրը կարևոր նշանակություն ունի ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման համար։

Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության թիմի ղեկավար Մարիա Յոհանսոնը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ապահովման մոտեցումները։

Ավարտին անցկացվել է խմբային աշխատանք․ առանձնացվել են շահագրգիռ կողմերի ներգրավման, ուսուցման և վարժանքների, հանրային իրազեկման ու ռիսկերի հաղորդակցության ուղղությամբ առաջնահերթ քայլերը։

Նմանատիպ գրառումներ