ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հաստիքների թվաքանակը․ օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում կկրճատվի 629 հաստիք
Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները ներկայումս ՆԳՆ նախնական հաստիքացուցակի և ենթակա կառույցների կողմից իրականացվում են ընդհանուր՝ 2728 հաստիքով, որոնցից ՆԳ նախարարություն՝ 15, Ոստիկանություն՝ 2070, Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, Փրկարար ծառայություն՝ 268, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։
Որոշման ընդունմամբ նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ինչի արդյունքում կտնտեսվի 629 հաստիք:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի և վիզաների վարչություն։ Այսպիսով՝ Ոստիկանությունից կրճատվել է 532 հաստիք։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։
Նշենք նաև, որ այս փոփոխությունը վերաբերում է ՆԳ նախարարության գործառույթներին, իսկ առանձին ծառայություններով ևս առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։