Հուլիսի 28-ին ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Սահմանապահ ծառայության աշխատակիցների մասնագիտական կրթության բովանդակության և կազմակերպման հիմնական ուղղությունների ձևավորում» թեմայով աշխատանքային գիտաժողով, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

ՆԳ նախարարությունը համակարգում է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը, ինչի կարևոր բաղադրիչներից է սահմանների համալիր կառավարումը։ Սահմանների համալիր կառավարման կառուցակարգերի ներդրումն իրականացվում է ՆԳՆ և ԱԱԾ սերտ համագործակցությամբ, որի բաղկացուցիչ մասն է նաև սահմանապահ ծառայողների մասնագիտական կրթական ծրագրի ներդրումը։

Գիտաժողովին մասնակցում էին կրթության, սահմանային կառավարման, միգրացիայի, իրավապահ ոլորտների պետական շահագրգիռ մարմինների, միջազգային ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ։

Միջոցառման նպատակն էր քննարկել սահմանապահ ծառայողների մասնագիտական կրթության արդիականացման, պետական կրթական չափորոշչի մշակման և միջազգային լավագույն փորձի ներդրման հիմնական ուղղությունները։

Բանախոսները ներկայացրել են Էստոնիայի, Լիտվայի և մի շարք այլ երկրների սահմանային կառավարման բարեփոխումների փորձը, ինչպես նաև մասնագիտական կրթության կազմակերպման ժամանակակից մոտեցումները։

Քննարկումների ժամանակ նշվել է, որ ժամանակակից սահմանապահ ծառայողը պետք է ոչ միայն իրավական գիտելիքներ ունենա, այլև գործնական իրավիճակներում որոշումներ կայացնելու, վարչական ընթացակարգեր կիրառելու և տեղեկատվական համակարգերից օգտվելու կարողություններ։ Ընդգծվել է, որ սահմանապահ ծառայողների արդյունավետ պատրաստումը պահանջում է ինստիտուցիոնալ, միասնական և շարունակական կրթական համակարգ, որը կհամադրի ազգային փորձը, միջազգային չափանիշները և ժամանակակից կրթական մեթոդաբանությունը։

Գիտաժողովում ներկայացվել է նաև ՆԳՆ և ԱԱԾ մշակած՝ «Սահմանային վերահսկողություն» մասնագիտության «ավագ հսկիչ» որակավորման պետական կրթական չափորոշչի նախագիծը, որի մշակման ընթացքում Կրթահամալիրն առաջնորդվել է ոչ միայն ազգային օրենսդրությամբ և սահմանապահ ծառայության գործնական պահանջներով, այլ նաև հաշվի է առնվել սահմանապահ ծառայողների մասնագիտական պատրաստման միջազգային փորձը, այդ թվում՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) մշակած «Սահմանային և ափամերձ պահպանության համար նախատեսված ընդհանուր հիմնական ուսումնական ծրագրի» (Common Core Curriculum for Border and Coast Guard) մոտեցումները։

Գիտաժողովը մասնագիտական փորձի փոխանակման, կրթական համագործակցության ընդլայնման և սահմանապահ ծառայողների կրթության զարգացման առաջնահերթությունների շուրջ համատեղ քննարկման արդյունավետ հարթակ է, որը կնպաստի ՆԳՆ կրթահամալիրում իրականացվող բարեփոխումների շարունակականությանը։

Նմանատիպ գրառումներ