Յուրաքանչյուր օր սկսվում է պատրաստակամությամբ, շարունակվում՝ պատասխանատու ծառայությամբ, ավարտվում՝ հերթական անգամ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գիտակցությամբ։

Ամեն հերթափոխ նոր փորձություն է․ յուրաքանչյուր դեպք ու ահազանգ կարող է պահանջել արագ արձագանք, իսկ յուրաքանչյուր որոշում՝ լինել վճռորոշ։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև զգոնություն, սառնասրտություն և ծառայողական պարտքի գիտակցում։

Հենց այս սկզբունքներով էլ իր ծառայությունն իրականացնում է 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ տարվա լավագույն պարեկային ծառայող ճանաչված Գեղարքունիքի մարզի գումարտակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Մասիս Բաղդասարյանը։

Մասիս Բաղդասարյանը 2025 թվականի ընթացքում բացահայտել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոց վարելու, զենքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման ավելի քան 40 դեպք։

Ծառայության նկատմամբ անվերապահ նվիրումը, կարգապահությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը տարիների ընթացքում ձևավորել են մայոր Բաղդասարյանի մասնագիտական դիմագիծը։

Նա գործում է վստահ ու վճռական, յուրաքանչյուր իրավիճակ գնահատում է օբյեկտիվ և օպերատիվ, իսկ ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն։ Հենց այս հատկանիշների շնորհիվ էլ նա դարձել է ոչ միայն տարվա լավագույն պարեկի կոչմանն արժանի ծառայող, այլև վստահելի գործընկեր և օրինակ ծառայակից ընկերների համար։

Մասիս Բաղդասարյանը յուրաքանչյուր նոր առաջադրանք ընդունում է որպես հերթական մարտահրավեր, որի առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու օրենքի գերակայության պահպանությունն է։ Նրա համոզմամբ՝ հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր ծառայողական գործողության հիմքում ոչ միայն անհատական մասնագիտական պատրաստվածությունն է, այլև թիմային աշխատանքը, փոխադարձ վստահությունն ու ծառայողական կարգապահությունը։

«Ոստիկանությունում ծառայելը պատվաբեր առաքելություն է։ Ծառայել եմ տարբեր ստորաբաժանումներում՝ նախ համայնքային ոստիկանությունում, ապա՝ Պարեկային ծառայությունում։ Պարեկային ծառայությունն ինձ առավել հետաքրքրեց, քանի որ այստեղ յուրաքանչյուր օրը նոր զարգացումներ, նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ է բերում։ Այս ծառայությունը հնարավորություն է տալիս լուծումներ գտնել, արագ արձագանքել իրավիճակներին և ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ինձ համար ցանկացած հանցագործություն կարմիր գիծ է»,- պատմում է Մասիս Բաղդասարյանը։

«Տարվա լավագույն պարեկային ծառայող» կոչումը Մասիս Բաղդասարյանի համար պարզապես ձեռքբերում չէ, այլ նոր պարտավորություն։ Այն ամեն օր հիշեցնում է, որ լավագույնը լինելու համար պետք է անդադար սովորել, շարունակաբար կատարելագործվել և անձնվիրաբար ծառայել պետությանն ու հանրությանը՝ հավատարիմ մնալով ծառայության առաքելությանն ու երդմանը։

Նմանատիպ գրառումներ