
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում մասնակցել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, փրկարար ծառայողներ։
Արփինե Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Փրկարար ծառայության անձնակազմին և շնորհակալություն հայտնել խիզախ, անձնվեր ու նվիրված աշխատանքի համար։
ՆԳ նախարարի խոսքով՝ շարունակվում են Փրկարար ծառայության արդիականացման աշխատանքները՝ կրթությունից մինչև նյութատեխնիկական վերազինում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները պետք է զուգորդվեն նրանց աշխատանքի պատշաճ գնահատմամբ։ Այդ համատեքստում նախարարը շեշտադրել է ատեստավորման համակարգը՝ որպես պետության կողմից փրկարարների աշխատանքը գնահատելու և համապատասխան սոցիալական երաշխիքներ ապահովելու գործիք։ Նրա խոսքով՝ հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստացել են այդ գնահատականը և արժանապատիվ վարձատրություն։
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի հետևողական թարմացումը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի իրականացված համալրումներին զուգահեռ անհրաժեշտ է շարունակել վերազինման աշխատանքները՝ ունենալու ժամանակակից և ընթացիկ մարտահրավերներին պատրաստ ծառայություն։
Անդրադառնալով ծառայության ենթակառուցվածքների բարելավմանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքը։ Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր նոր շենք ոչ թե պարզապես հերթական ենթակառուցվածքն է, այլ փրկարարի աշխատանքին տրվող՝ պետության գնահատականը։
Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայության շարունակական զարգացումը՝ ժամանակի պահանջներին համահունչ։ Նա ընդգծել է, որ փոփոխվող մարտահրավերներն ու աղետների ռիսկերի կառավարման նոր մոտեցումները պահանջում են մշտապես վերանայել նաև մասնագիտական պատրաստվածության չափանիշները։ Նախարարի խոսքով՝ այն մակարդակը, որը բավարար էր նախորդ տարի, այսօր կարող է այլևս բավարար չլինել, հետևաբար ծառայողները պետք է շարունակաբար զարգացնեն իրենց կարողությունները։
Անդրադառնալով տեխնոլոգիական զարգացումներին և տարբեր մասնագիտությունների վրա արհեստական բանականության ազդեցությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները կարող են վերափոխել տարբեր մասնագիտությունների պահանջվածությունը, մինչդեռ Փրկարար ծառայության առաքելությունը մնալու է անփոխարինելի։ Նա ընդգծել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում փրկարարները շարունակելու են առանցքային դեր ունենալ, իսկ առաջնային խնդիրը լինելու է մատուցվող ծառայությունների որակի և մասնագիտական պատրաստվածության շարունակական բարձրացումը։
Արփինե Սարգսյանը ծառայողների կողքին լինելու, նրանց աջակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ծառայություն մատուցելու հնարավորությունն ապահովելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել նաև փրկարարների ընտանիքներին՝ ընդգծելով, որ ՆԳՆ համակարգում նրանք ևս կիսում են ծառայողների պատասխանատվությունն ու ապրումները։
Մասնագիտական բարձր պատրաստվածության, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և ծառայության ընթացքում արձանագրած արդյունքների համար Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով և արժանացել արտահերթ կոչումների։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, շրջել է տարածքում, ծանոթացել հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումներին և հատուկ տեխնիկային։ Նախարարին ներկայացվել են տեխնիկական միջոցների հնարավորություններն ու փրկարարական տարբեր աշխատանքների ընթացքում դրանց կիրառման առանձնահատկությունները։
Արփինե Սարգսյանը, Արամ Ղազարյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Միջոցառման ավարտին փրկարարները հանդես են եկել ցուցադրական ելույթով։




































































