Հուլիսի 7-ին կայացել է Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպումը, որին ԱՄՆ կառավարության հրավերով մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ԱՄՆ նախագահի անունից ողջունել է հանդիպման մասնակիցներին և խոսել սինթետիկ թմրամիջոցների վտանգավորության և սպառնալիքների մասին։ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ և նշել սինթետիկ թմրամիջոցների դեմ ԱՄՆ կողմից տարվող պայքարը։ Էնթոնի Բլինքենը կարևորելով սինթետիկ թմրամիջոցների դեմ միասնական պայքարը՝ խոսել է դրանց առաջնահերթությունների մասին։ Ելույթի ավարտին ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և պետություններին` Կոալիցիային միանալու համար։ Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոխնախարար Սարգսյանը ՀՀ Կառավարարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար՝ ընդգծել է հարթակի կարևորությունը սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում պետությունների ջանքերը միավորելու համար։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ. «Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։ Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԳլոբալԿոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքների դեմ պայքարում և, որ այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը։ ՆԳ նախարարի տեղակալը ողջունել է Կոալիցիայի ստեղծման գաղափարը և Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը ու միանալու անհրաժեշտ գործողություններին։ Ելույթ են ունեցել նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին և ներքին գործերի, առողջապահության և արդարադատության նախարարներ։ Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։