Օգոստոսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգիին։
Փոխնախարար Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն։
Արփինե Սարգսյանը, ներկայացնելով քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նույնպես պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին։
Քրեական արդարադատության ոլորտում իրականացված փոփոխությունների համատեքստում կողմերը կարևորել են Ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական աշխատանքը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տրամաբանությամբ կազմակերպելու, քննչական մարմինների հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մոտեցումների երաշխավորումը։
Հանդիպմանը քննարկվել են քրեական ոստիկանության ոլորտում հետագա համագործակցության, ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։